Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել, բանակցությունները կշարունակվեն. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել, բանակցությունները կշարունակվեն. ՊՆ

2021-05-15 10:15 , Политика, 955

Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել, բանակցությունները կշարունակվեն. ՊՆ

Արդեն շուրջ 4 օր է՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ծառայողները, որոնք ապօրինաբար հատել են Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը և դիրքավորվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, չնայած հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողություններին՝ այս պահին դեռ շարունակում են գտնվել ՀՀ տարածքում:

Այդ մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ հավելելով, թե ակնկալվում է, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման նպատակով մայիսի 12-ից սկսված բանակցություններն կշարունակվեն այսօր:

«Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել:

Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։

Հարկ ենք համարում նշել, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ։

Ակնկալվում է, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր:

Հաշվի առնելով ստեղծված իրադրության շուրջ համացանցում և տարբեր լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվության մեծ ծավալը, ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց: Պաշտպանության նախարարությունը, օրվա ընթացքում, պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ համապատասխան պարզաբանումներով»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть