Ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու նպատակով. ՀՀ ԱԺ-ն դատապարտող հայտարարություն է ընդունել - RadioVan.fm

Онлайн

Ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու նպատակով. ՀՀ ԱԺ-ն դատապարտող հայտարարություն է ընդունել

2021-05-14 22:04 , Политика, 1217

Ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու նպատակով. ՀՀ ԱԺ-ն դատապարտող հայտարարություն է ընդունել

ՀՀ Ազգային ժողովը (ԱԺ) պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն այսօր գումարված արտահերթ նիստում պատգամավոր Արման Աբովյանի ներկայացմամբ քննարկեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած«Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» հայտարարության նախագիծը:

Քննարկումից, ելույթներից հետո ներկայացված նախագիծն ընդունվեց 86 «կողմ» ձայնով:

Նախագծում ընդգծվում է, որ ընթացիկ տարվա մայիսի 12-ին տեղի ունեցած ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փաստի առթիվ Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակում, երբ դեռևս ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները չեն վերադարձել, շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում և բանակցությունների արդյունքում միևնույն է՝ հրաժարվում են վերադառնալ իրենց ելման դիրքեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատ կրող միակ մարմին խստիվ դատապարտում է հարևան երկրի թշնամական գործողություններն ու ոտնձգությունները՝ մեր երկրի սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող հայտարարություններ և պետական քաղաքականության մակարդակ բարձրացված հայատյացությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված սկզբունքները, ինչը Հայաստանի Հանրապետությանն իրավունք է տալիս հակադարձել Ադրբեջանի ագրեսիային միջազգային իրավունքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում է՝

-մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և մեր պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով,

-կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել՝Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանարպետության տարածքային ամբողջականության դեմ ուղղվածսադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը»,-ասված է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծում:

Արտահերթ նիստի տեսագրությունը՝ ստորև:

Հիշեցնենք՝ արդեն 3-րդ օրն է՝ Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լճի հարակից տարածքում են՝ հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։ Երկու օր տևած բանակցությունների արդյունքները դեռ հայտնի չեն։

Սև լճի շուրջ իրավիճակը դեռ չհանգուցալուծված՝ երեկ ադրբեջանական զինուժը ևս երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք, ըստ պաշտպանության նախարարության, Սիսիանի և Վարդենիսի ուղղություններով։ Երկու դեպքում էլ, պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ, ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։

Երեկ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բարձրաձայնելով, որ Սյունիքի մարզի «Սև լճի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս, հայտարարեց ՀԱՊԿ դիմելու մասին:

ՀՀ-ն այսօր արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին։

Արդբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի Սև լճի հատվածում ապօրինի հատելու փաստով քրեական գործ է հարուցվել, մինչդեռ, պաշտոնական Բաքուն երկու օր անց միայն արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին կատարվող զարգացումներին՝ հայտարարել է, որ ըստ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, եղանակային պայմանների բարելավումից հետո, տեղակայվում են Հայաստանին սահմանակից իրենց դիրքերում։ Ադրբեջա նի ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տվել «խուճապի չմատնվել, ընդունել միջպետական սահմանային ռեժիմի իրողությունը»։

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ ԶՈւ) պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է, բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահոման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի / HETQ

Лента

Рекомендуем посмотреть