Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ մայիսի 14-ին, հեռախոսով խոսել են նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ ԶՈւ) պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։
«Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը։
Վաղարշակ Հարությունյանը ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները, նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահոման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ցանկացած ոտնձգություն։
Հեռախոսազրույցի ընթացքում Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորախբի առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,-մանրամասնում են ՀՀ ռազմական գերատեսչությունից։
Այսօր նաև հաղորդվել էր, որ Վաղարշակ Հարությունյանը Սյունիքում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները քննարկել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովի հետ հանդիպմանը (ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը):
Հիշեցնենք՝ արդեն 3-րդ օրն է՝ Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լճի հարակից տարածքում են՝ հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։ Երկու օր տևած բանակցությունների արդյունքները դեռ հայտնի չեն։
Սև լճի շուրջ իրավիճակը դեռ չհանգուցալուծված՝ երեկ ադրբեջանական զինուժը ևս երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք, ըստ պաշտպանության նախարարության, Սիսիանի և Վարդենիսի ուղղություններով։ Երկու դեպքում էլ, պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ, ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։
Երեկ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բարձրաձայնելով, որ Սյունիքի մարզի «Սև լճի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս, հայտարարեց ՀԱՊԿ դիմելու մասին:
ՀՀ-ն այսօր արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին։
Արդբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի Սև լճի հատվածում ապօրինի հատելու փաստով քրեական գործ է հարուցվել։
Ի դեպ, պաշտոնական Բաքուն երկու օր անց միայն արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին կատարվող զարգացումներին՝ հայտարարել է, որ ըստ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, եղանակային պայմանների բարելավումից հետո, տեղակայվում են Հայաստանին սահմանակից իրենց դիրքերում։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը միաժամանակ խորհուրդ է տվել Հայաստանի ռազմաքաղաքական շրջանակներին՝ «խուճապի չմատնվել, ընդունել միջպետական սահմանային ռեժիմի իրողությունը»։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը