«Խորհուրդ ենք տալիս Հայաստանի ռազմաքաղաքական շրջանակներին խուճապի չմատնվել, ընդունել միջպետական սահմանային ռեժիմի իրողությունը»․ Ադրբեջանի ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

«Խորհուրդ ենք տալիս Հայաստանի ռազմաքաղաքական շրջանակներին խուճապի չմատնվել, ընդունել միջպետական սահմանային ռեժիմի իրողությունը»․ Ադրբեջանի ԱԳՆ

2021-05-14 15:37 , Политика, 1148

«Խորհուրդ ենք տալիս Հայաստանի ռազմաքաղաքական շրջանակներին խուճապի չմատնվել, ընդունել միջպետական սահմանային ռեժիմի իրողությունը»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Ըստ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, եղանակային պայմանների բարելավումից հետո, տեղակայվում են Հայաստանին սահմանակից Լաչինի և Քելբաջարի շրջանի մեր դիրքերում, որոնք ունեն բարդ լեռնային ռելիեֆ և կլիմայական պայմաններ»,-այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ վերջին երկու օրերի ընթացքում առաջին անգամ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակին։

Պաշտոնական Բաքվի հիմնավորմամբ՝ այդ քայլերն իրականացվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ սահմանների պաշտպանության համակարգի ամրապնդման միջոցառումների շրջանակում ու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը որոշող քարտեզների հիման վրա։

«Անկախացումից հետո երկու երկրները, հասկանալի պատճառներով, պետական սահման չեն ունեցել, և այդ պատճառով մենք խոսում ենք բարդ տեխնիկական գործընթացի մասին, որն այժմ ուղեկցվում է կողմերի միջև տարաձայնություններով»,-նշում է Բաքվի ռազմական գերատեսչությունը՝ զարմանալով, որ հայկական կողմը ոչ համարժեք է արձագանքել այդ գործընթացին, իր գնահատմամբ, անելով «սադրիչ» հայտարարություններ։

«Մենք անընդունելի ենք համարում պաշտոնական շրջանակների՝ այս հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը՝ կապված Հայաստանում նախընտրական իրավիճակի հետ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին խորհուրդ տալով խուճապի չմատնվել, ընդունել միջպետական սահմանային ռեժիմի իրողությունը։

Ընդգծվում է, թե Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության կարգավորմանը և կոչ է անում ձեռնարկել համապատասխան քայլեր:

Հիշեցնենք՝ արդեն 3-րդ օրն է՝ Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լճի հարակից տարածքում են՝ հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։ Երկու օր տևած բանակցությունների արդյունքները դեռ հայտնի չեն։

Սև լճի շուրջ իրավիճակը դեռ չհանգուցալուծված՝ երեկ ադրբեջանական զինուժը ևս երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք, ըստ պաշտպանության նախարարության, Սիսիանի և Վարդենիսի ուղղություններով։ Երկու դեպքում էլ, պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ, ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։

Երեկ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բարձրաձայնելով, որ Սյունիքի մարզի «Սև լճի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս, հայտարարեց ՀԱՊԿ դիմելու մասին:

Արդբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի Սև լճի հատվածում ապօրինի հատելու փաստով քրեական գործ է հարուցվել։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը միաժամանակ հայտնել է, որ Սևանի և Եղեգնաձորի կայազորների զինվորական դատախազությունների հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի և Սիսիանի ՌՈ բաժիններում ևս նյութեր են նախապատրաստվում համապատասխանաբար ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում պետական սահմանի առանձին հատվածներում ևս երեկ արձանագրված նմանատիպ դրսևորումների հանգամանքները պարզելու նպատակով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть