Ադրբեջանի զինուժը պետք է անհապաղ հետ քաշվի․ Մակրոն - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի զինուժը պետք է անհապաղ հետ քաշվի․ Մակրոն

2021-05-14 01:27 , Политика, 1010

Ադրբեջանի զինուժը պետք է անհապաղ հետ քաշվի․ Մակրոն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ. տեղեկանում ենք կառավարության կայքից:

Հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:

Ֆրանսիայի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանյուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու և բարեկամական վերաբերմունք արտահայտելու համար:

Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին:

Ի դեպ, Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ Ֆրանսիայի կառավարության տարածած հաղորդագրությունում նաև նշված է, որ Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին `այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար, որի վերաբերյալ հայկական կողմի տարածած տեղեկատվությունում հիշատակում չկա։

Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահն ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում հայերենով գրառում է կատարել՝ ընդգծելով․

«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եւս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»։

Лента

Рекомендуем посмотреть