Արդբեջանի ԶՈւ-ի կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի Սև լճի հատվածում ապօրինի հատելու փաստով քրգործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Արդբեջանի ԶՈւ-ի կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի Սև լճի հատվածում ապօրինի հատելու փաստով քրգործ է հարուցվել

2021-05-13 21:33 , Право, 1236

Արդբեջանի ԶՈւ-ի կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի Սև լճի հատվածում ապօրինի հատելու փաստով քրգործ է հարուցվել

ՀՀ Գորիսի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ.-ի մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության (ԱՀ) զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, ԱՀ զինված ուժերի (ԶՈւ) մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Սև լճի հատվածում պահպանվող պետական սահմանը:

«Մոտ 3-3.5 կմ առաջանալով ՀՀ տարածքով, նրանք դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, չեն թույլտարում առաջանալ, իսկ առաջանալու դեպքում սպառնացել են զենք կիրառել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնին:

Միաժամանակ, Սևանի և Եղեգնաձորի կայազորների զինվորական դատախազությունների հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի և Սիսիանի ՌՈ բաժիններում ևս նյութեր են նախապատրաստվում համապատասխանաբար ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում պետական սահմանի առանձին հատվածներում ևս այսօր արձանագրված նմանատիպ դրսևորումների հանգամանքները պարզելու նպատակով»,-ասված է Գլխավոր դատախազության տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, Սյունիքի սահմանային հատվածներից մեկում՝ Սև լիճ տեղանքում, հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մինչև 3,5 կիլոմետր խորացել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին հրավիրված Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում ադրբեջանական կողմի գործողությունները «դիվերսիոն անցում» է որակել։

Այսօր երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր ևս ադրբեջանական զինված ուժերը, կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։

Այսօր կրկին ԱԽ նիստ է հրավիրվել, որում ընդգծելով, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում, հանձնարարել է պատկան մարմինների ղեկավարներին միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

Лента

Рекомендуем посмотреть