Խմելաջուրը՝ Սիսիանում 370 մարդու մոտ արձանագրված աղիքային վարակի պատճառ - RadioVan.fm

Онлайн

Խմելաջուրը՝ Սիսիանում 370 մարդու մոտ արձանագրված աղիքային վարակի պատճառ

2021-05-13 19:39 , Общество, 1193

Խմելաջուրը՝ Սիսիանում 370 մարդու մոտ արձանագրված աղիքային վարակի պատճառ

ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ) հայտնում են, որ խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ (այդ թվում` բակտերիաներ՝ Էնտերոախտածին աղիքային ցուպիկ, Յերսինիա էնտերոկոլիտիկա և կամպիլոբակտեր, ինչպես նաև վիրուսներ՝ Նորովիրուս և Ադենովիրուս), ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գորոծոնով պայմանավորված բռնկումներին:

Նշենք՝ երեկ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ: Նշվել էր, որ բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C: Մայիսի 12-ին աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններոով Սիսիանի բժշկական կենտրոն դիմողների թիվը ավելացրել էր ևս 14-ով, իսկ բակային համայցով հայտնաբերվել էին ևս 70 հիվանդ:

Այսօրվա՝ մայիսի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ, աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով արձանագրված դեպքերի թիվը 370 է, որից այս պահին հիվանդանոցում բուժվում է 7 պացիենտ: Նախարարության փոխանցմամբ՝ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Ի դեպ երեկ՝ ավելի ուշ, նախարարությունը պարզաբանում էր տարածել՝նշելով, որ, որպես բռնկման հավանական պատճառ, դիտարկվում է ջրային գործոնը։ Փոխանցվել էր, որ համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է բնակավայրի ջրամատակարարման համակարգի՝ մասնավորապես ջրագծի վթար, համակարգում ճնշման տատանումներ, ինչպես նաև տեղացող հորդառատ անձրևը: Իրականացված վերականգնողական աշխատանքների արդյունքում վթարը վերացվել է, իսկ ջրի ախտահանումն իրականացվում է բնականոն ընթացքով՝ պահանջներին համապատասխան:

Մինչդեռ, Հայաստանի խմելու ջրի միակ օպերատոր «Վեոլիա Ջուր» ընկերությունը բացառել էր 100-ավոր մարդկանց շրջանում աղիքային վարակի բռնկման՝ ջրային գործոնի հավանականությունը։

Տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվել էր, թե ստացված ահազանգի հետքերով «մայիսի 11-ին քաղաքի տարբեր վայրերից իրականացվել է ջրի արտապլանային նմուշառումներ, և ընկերության լաբորատորիայում կատարված հետազոտությունով ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ և որակին ներկայացվող պահանջներին անհամապատասխանություն չի արձանագրվել»:

Лента

Рекомендуем посмотреть