ՄԻՊ պատվիրակությունը մեկնել է Սյունիք - RadioVan.fm

Онлайн

ՄԻՊ պատվիրակությունը մեկնել է Սյունիք

2021-05-13 15:28 , Право, 1359

ՄԻՊ պատվիրակությունը մեկնել է Սյունիք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքների և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն միջազգային կառույցների հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատված կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ:

Ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:

Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Սյունիքի մարզ Պաշտպանի այցի ընթացքում տեղում հատուկ սկզբունքով կիրականացվեն փաստահավաք աշխատանքներ, կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 12-ին, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։

Ավելի ուշ՝ կեսօրից հետո,պաշտպանության նախարարությունն անդրադառնալով լուրին՝ հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, Սյունիքի սահմանային հատվածներից մեկում փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել, դրանք դադարեցվել են՝ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին հրավիրված Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում մանրամասնեց, որ Ադրբեջանի զինվորականները Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մինչև 3,5 կիլոմետր խորացել, ու, ըստ Փաշինյանի, փորձ են անում պարփակել լիճը:

Վարչապետի պաշտոնակատարը ադրբեջանական կողմի գործողությունները «դիվերսիոն անցում» է որակել։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ կեսգիշերին մոտ տարածած հայտարարությամբ ընդգծել էր․ «Ադրբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները և հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը»:

Лента

Рекомендуем посмотреть