Ադրբեջանը, միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ, ներխուժել է Հայաստան․ ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցությունը Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար և, ժամանակն է գիտակցի՝ որ իր վարած քաղաքականությունը խրախուսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման։
Այդ մասին սոցիալական կայքերում կատարած գրառումներում ընգդծել են Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը՝ անդրադառնալով Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին։
«Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ:ԱՄՆ-ը պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների հետ` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար»,- նշել է կոնգրեսական Փալոնը։
Azerbaijan has now invaded Armenia in clear violation of international law. The U.S. must condemn this attack in unequivocal terms and use its influence with allies to bring about the withdraw of Azeri forces from Armenian territory. https://t.co/o7xsUezEUE
— Rep. Frank Pallone (@FrankPallone) May 12, 2021
Կոնգրեսական Ադամ Շիֆն էլ ֆեյսբուքյան գրառմամբ նշել է․
«Ինձ խորապես անհանգստացնում են վերջին հաղորդագրությունները, ըստ որոնց, ադրբեջանական զորքերը հատել են Հայաստանի տարածքը: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել կյանքերի հետագա կորուստների: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գիտակցեն, որ մեր վարած քաղաքականությունը խրախուսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական էսկալացիայի՝ հրահրելով նոր պատերազմ:
Ես շփվել եմ Բայդենի վարչակազմի հետ և հորդորել եմ նրանց ավելի խորությամբ ու առավել առարկայական ներգրավվել Մինսկի խմբի միջոցով, ինչն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ: Ըստ հաղորդումների, Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է Պետդեպարտամենտի կողմից 907-րդ բանաձևով նախատեսված՝ Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու սահմանափակումներից անհիմն հրաժարումումից օրեր անց։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար մասնակցում է մարդու իրավունքների խախտումներին ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»։
Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 12-ին, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։
Ավելի ուշ՝ կեսօրից հետո,պաշտպանության նախարարությունն անդրադառնալով լուրին՝ հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, Սյունիքի սահմանային հատվածներից մեկում փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել, դրանք դադարեցվել են՝ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին հրավիրված Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում մանրամասնեց, որ Ադրբեջանի զինվորականները Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մինչև 3,5 կիլոմետր խորացել, ու, ըստ Փաշինյանի, փորձ են անում պարփակել լիճը:
Վարչապետի պաշտոնակատարը ադրբեջանական կողմի գործողությունները «դիվերսիոն անցում» է որակել։