Սև լճի տարածքում իրավիճակն անփոփոխ է, կրկին Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ կգումարվի: Այդ մասին այսօր, ՀՀ կառավարության հերթական նիստի մեկնարկին, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա, անդրադառնալով Սյունիքի մարզի Սև լճի հատվածում ստեղծված իրավիճակին, մասնավորապես, ասաց․
«Տեղյակ եք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը Սև լճի հատվածում: Ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, և իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, և այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա՝ մեծ թվով: Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ:
Ինչո՞ւ է այսպես իրադրությունը:
Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են, ակնհայտ է, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ: Իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ:
Իհարկե, կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա՝ որ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ: Դա առանձին քննարկման խնդիր է, որը, իհարկե, անպայման կդիտարկվի:
Երեկվանից քննարկվում է կամ ասվում է, որ Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց տեղեկատվությունը:
Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը, իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատականը տալը տեղի է ունեցել իրադրության գնահատում, և տրվել է ամբողջական տեղեկատվություն:
Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի: Եվ մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը, այն դիրքեր, որտեղ նրանք գտնվել են մայիսի 10-ի դրությամբ:
Հիմա տեղում ընթանում է աշխատանք: Այսօր կառավարության նիստից հետո կունենանք Անվտանգության խորհրդի նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, և կկայացվեն անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ:
Բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, և այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային: Պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, պետք է փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք իրադրության հանգուցալուծման համար:
Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որպեսզի ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր, և այս խնդիրը մենք պետք է լուծենք»:
Հիշեցնենք՝ երեկ՝ կեսօրից հետո, Հայաստանի պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով Սյունիքի մարզում մարտերի վերաբերյալ տարածված լուրերին, հերքեց դրանք` տեղեկացնելով, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, դրանք դադարեցվել են՝ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո։
Գերատեսչությունից ընդգծել էին, որ այդ պահի դրությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ տեղեկությունը պաշտոնապես հերքեցին նաև Ազգային անվտանգության ծառայությունից:
Երեկ կեսգիշերին մոտ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց, որում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողությունները՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը և մինչև 3,5 կիլոմետր խորանալը, «դիվերսիոն անցում» որակեց՝ հայտարարելով, որ «ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է»։