Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորումից հետո հյուրընկալվել է Բաղրամյան 26-ում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը։
Փաշինյանը նկատել է, որ վերջին շրջանում կորոնավիրուսի պատճառով երկկողմ շփումները բարձր մակարդակով դանդաղել են և ուրախ է, որ հիմա վերականգնում են բարձր մակարդակի փոխայցերը։
«Երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը շատ լայն է՝ սկսած տրանսպորտային կոմունիկացիաներից, ավարտած էներգետիկայով, հաղորդակցության ուղիներով։ Իհարկե, կորոնավիրուսի դեմ պայքարը նույնպես մեր համատեղ օրակարգի կարևոր հարցերից է։
Մեր երկրների քաղաքական հարաբերություններն ավանդաբար ջերմ են և հիմնված են մեր ժողովուրդների, երկրների պատմական բարեկամության և եղբայրության վրա։ Մեր օրակարգում, կարծում եմ, ունենք և պետք է քննարկենք նաև տարածաշրջանի իրադրությանը և հեռանկարներին վերաբերող հարցեր, փորձենք համադրել մեր պատկերացումները՝ իհարկե, մեր ավանդական կապերը քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային ուղղություներով խորացնելու համար։ Եվ, իհարկե, մեր երկրներն ու ժողովուրդները պետք է աջակցեն իրար՝ մեր պետությունների բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու գործում։
Կրկին ողջունում եմ Ձեզ և համոզված եմ, որ այսօր մենք արդյունավետ բանակցություններ կունենանք»,-ընդգծել է Փաշինյանը։
Իրակլի Ղարիբաշվիլին էլ շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ նշել է, որ իրենք շահագրգռված ենք, որ Հայաստանում և ողջ տարածաշրջանում լինեն խաղաղություն, կայունություն, զարգացում։
Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Բանակցություններից հետո Փաշինյանը և Ղարիբաշվիլին լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ իր վրացի գործընկերոջ հետ ի շարս այլ հարցերի՝ անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին, համոզմունք հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգովորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա:
«Մեզ համար աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է»,-միաժամանակ շեշտել է Փաշինյանը:
Իրակլի Ղարիբաշվիլին իր խոսքում ասել է, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության ու համագոյակցության կողմնակից, և այս կուրսը կշարունակվի հետագայում:
«Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն և զարգացնել տնտեսությունը, առևտուրը, այլ հումանիտար հարցեր: Հենց կայունության, խաղաղության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման նպատակով է վրաց ժողովուրդն ընտրել եվրոպական և եվրատլանտյան ուղին:
Ուզում եմ նշել, որ այսօրվա մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք համագործակցության բոլոր ուղղությունները: Մենք ընդգծեցինք, որ պետք է ունենալ ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները, նոր նախագծեր քննարկել, համագործակցել այնպիսի ուղղություններով, ինչպիսին են տրանսպորտը, էկոնոմիկան, մշակույթը, նորարարությունները և զարգացնել արդեն առկա ինտենսիվ հարաբերությունները: Չնայած այդ հարաբերություններին՝ դեռ ունենք զարգացման հնարավորություն:
Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր են Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար: Մենք համոզված ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց և թափանցիկ, և հայ ժողովուրդը մեկ անգամ ևս ցույց կտա աշխարհին իր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին:
Մենք պատրաստակամություն հայտնեցինք հանդիպումները շարունակել, բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկան պահպանել և նպաստել ոլորտային գերատեսչությունների համագործակցությանը»,-իր հայտարարությունում շեշտել Վրաստանի վարչապետը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայընելով ընդունելության և արգասաբեր համագործակցության համար: