«Օպերան դասականություն է ապրում։ Միայն այն, որ այսօր օպերայի հրապարակը Սպենդիարյանի երաժշտությամբ է լցվում՝ մարդ փառավորվում է, հրապարակն իր իրական դերի մեջ է»,- անվանի կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրվա առիթով կազմակերպված միջոցառման մեկնարկին իր զգացմունքներով լրագրողներիս հետ կիսվեց կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։
Իսկ օպերայի բակը, իսկապես, «շնչում» էր Սպենդիարյան՝ մեկ վայրում համախմբելով անվանի մտավորականներին՝ մաեստրո Տիգրան Մանսուրյան, երաժշտագետ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյան, օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյան, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայան, լրագրող Մարկ Գրիգորյան և այլք։
Ներկաները Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրվա՝ մայիսի 7-ի առթիվ ծաղիկներ խոնարհեցին և վարդեր տնկեցին կոմպոզիտորի շիրիմի մոտ, խնկարկեցին նրա հիշատակը:
«Վարդատունկ»-ի՝ այդ ազնվագույն ավանդույթի վերականգնումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությունն էր։
«1928 թվականի մայիսի 7-ին, երբ Ալեքսանդր Սպենդիարյանը կնքել է իր մահկանացուն, նրա մտերիմ ընկերոջ՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ որոշվել է կոմպոզիտորի աճյունն ամփոփել կառուցվելիք Ժողովրդական տան, այժմ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում: Թամանյանն անձամբ էր մշակում ընկերոջ շիրիմի մոտ աճեցրած վարդերը և հոգ տանում, որ դրանք միշտ դալար մնան: Որոշեցինք՝ ժամանակի մտավորականության, մեր հասարակության միջոցով վերականգնել այդ ազնվագույն ավանդույթն ու կոմպոզիտորի շիրիմի մոտ իրականացնել վարդատունկ»,-միջոցառման էությունը ներկայացրեց կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
«Երբ սկսում ենք մեծարել մեր մեծերին, շփվել բարձրագույն արժեքի հետ՝ ինքներս էլ վեր ենք բարձրանում, ավելի ազնվական մաքուր ենք դառնում»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ նկատելով, որ այնքան շատ է մեր կյանքում անորակը, որ որակյալի կարիք բոլորս ունենք։
«Վարդատունկ»-ից առաջ ելույթով հանդես եկավ նաև կոմպոզիոտոր Տիգրան Մանսուրյանը՝ նշելով․
«Եզակի շքեղություն էր այդ օրերին գավառական Երևանում նրա հայտնվելը։ Նա աչքի էր ընկնում հղկվածությամբ, իմացությամբ և մտերիմների այնպիսի շրջանակով, որոնցով հպարտանում էին բոլորը: Երևանում նա իր առաջին քայլերն արեց՝ որպես հայ մեծ դասական, որտեղ ստեղծվեց հայ մեղեդու հիմքի ներդաշնակում «Երևանյան էտյուդներ»-ը, որը պետք է կատարեր սիմֆոնիկ նվագախումբը, ինչը մեծ իրադարձություն էր»։
Մաեստրոն անկեղծացավ՝ ամեն անգամ օպերայի բակով անցնելիս, նույնիսկ, երբ ծաղիկներ էլ չի ունեցել ձեռքում, կանգ է առել անվանի կոմպոզիտորի շիրիմի մոտ, ակնածանքով խոնարհվել նրա հիշատակին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ծաղիկների խոնարհումից ու վարդերի շյուղերը հողը դնելուց հետո օպերայի բակում՝ մեծանուն կոմպոզիտորի հուշարձանի հարևանությամբ, սպենդիարյանական յուրահատուկ կատարումներով հանդես եկան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը և երգչախումբը։
Անակնկալ-ֆլեշմոբը՝ տեսանյութում։
Հավելենք՝ 2021-ը հոբելյանական է արվեստասերների համար. լրանում է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը, որը ներառված է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակութային կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում։
Հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվում են համերգային ծրագրեր, գիտաժողովներ, հրատարակություններ:
Մարինե Օթարյանի փոխանցմամբ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը պատրաստում է պատկերագիրք և ձայնասկավառակ: Կոմպոզիտորի ստեղծագործությունների ձայնագրությունը կիրականացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, իսկ պատկերագիրքը, որում զետեղվելու են Սպենդիարյանի՝ արխիվներում պահվող բոլոր գործերի նմուշները, կպատրաստի կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտական կազմը։
Արդեն պատրաստ է Գեորգի Բուդաղյանի «Ալմաստի» գործիքավորման մասին գիրքը, որը սպասում է իր գինեձոնին: Կոմպոզիտորի հոբելյանին նվիրված՝ առաջիկայում համերգներով հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը։ Մայիսի 18-ին էլ, «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում, կոմպոզիտորի տուն-թանգարանի պուրակում կկայանա «Երևանյան էտյուդներ» լուսանկարչական մրցույթի բացօթյա ցուցահանդեսը։
Ծրագրեր կիրականացվեն նաև կոմպոզիտորի ծննդավայրում՝ Ղրիմում, Թբիլիսիում՝ Թումանյանի տուն-թանգարանի հետ, ինչպես նաև Մոսկվայում և Լոնդոնում:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան