Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն՝ այդ երկրում մայիսի 16-ից զորավարժություններ կմեկնարկեն։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությանը, հայտնում են, որ մայիսի 16-20-ն անցկացվող օպերատիվ-տակտիկական զորավարժություններին կմասնակցի 15 հազար զինվորական, շուրջ 300 միավոր զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 400 հրթիռահրետանային կայանք, 50 միավոր ռազմական ավիացիա՝ այդ թվում անօդաչու թռչող սարքեր։
Ընդգծվում է, որ հաշվի առնելով 2020-ի 44-օրյա պատերազմում ( նրանք դա անվանում են «Հայրենական պատերազմ»-խմբ․) ձեռք բերած մարտական փորձը, զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու զորքերի վերախմբավորմանը։
«Զորքերը նաև կատարելու են ապօրինի զինված խմբավորումների սադրանքները կանխելուն և ահաբեկիչներին վնասազերծելուն ուղղված գործողություններ» -ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։