Այս գիշեր Հայաստան է հասել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը՝ 14 հազար դեղաչափ՝ երկրորդը։
Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափը, որը Հայաստան է առաքվել ապրիլի սկզբին, արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները։
Հիշեցվում է, որ Sputnik-V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Միաժամանակ, գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:
Կարող են պատվաստվել նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են բոլորի համար: