Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի շրջանակում անցած 4 ամիսներին ավելի քան 32 մլն դրամի պարգևատրում է կատարել - RadioVan.fm

Онлайн

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի շրջանակում անցած 4 ամիսներին ավելի քան 32 մլն դրամի պարգևատրում է կատարել

2021-05-10 16:48 , Политика, 868

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի շրջանակում անցած 4 ամիսներին ավելի քան 32 մլն դրամի պարգևատրում է կատարել

ՀՀ առողջապահության նախարարությունը տրամադրել է տեղեկատվություն հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում իրենց կողմից իրականացված ծախսերի մասով։

Նշվում է, որ 2021 թվականի հունվարից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ծախսերի աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Ծախսային 8 կետերից մեկով, օրինակ, բժշկական կենտրոնների վերանորոգման համար52.343.206 դրամ է հատկացվել, բժշկական սարքավորումներով հագեցվածության ապահովման նպատակով՝ 44.900.114 դրամ, իսկ պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունը 19.309.746 դրամի շրջանակում է եղել, իսկ COVID-19-ի շրջանակներում պարգևատրումների համար առողջապահական գերատեսչությունն ավելի քան 32 մլն դրամի պարգևատրումներ է կատարել։

Նախարարությունից հավելում են՝ համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Նշենք՝ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանում անցած մեկ օրում կատարված 1790 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք, արձանագրվել է մահվան 15+2 դեպք, առողջացել է 622 մարդ:

Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր՝ 2021 թվականի մայիսի 10-ը, ժամը 11:00-ը, հանրապետությունում կորոնավարակակիրների թիվը հասել է 219 353-ի՝ 205 200 առողջացմամբ, 4249 մահվան ելքով։ 1041 կորոնավարակակիր էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 88 63 պացիենտ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 1 016 681 թեստավորում:

Ապրիլի 13-ից հանրապետությունում մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը։ Պատվաստվել կարող են 18 տարեկանից բարձր բոլոր անձինք՝ անվճար, ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից։

Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար։

Մայիսի 5-ից ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ շարժական պատվաստումային խումբ է տեղակայվել Հյուսիսային պողոտայում, վերջին օրերին նաև՝ «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում և «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում:

Նախարարության տեղեկացմամբ՝ շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե՛ «ԱստրաԶենեկա» և թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:

«ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում՝ թե՛ «ԱստրաԶենեկա», թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:

Հիշեցնենք՝ Չինաստանը Հայաստանին տրամադրել է նաև «Սինովակ» ընկերության «Կորոնավակ» պատվաստանյութը, որի 10 հազար չափաբաժին՝ 50 հազար անձի համար Հայաստան է բերվել մայիսի 2-ին։ Չինական պատվաստանյութով մայիսի 5-ին պատվաստվել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Լենա Նազարյանը։

Лента

Рекомендуем посмотреть