«Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու»․ Քոչարյանը, Սաղաթելյանը, Հակոբյանը միավորվել են «Հայաստան» դաշինքի ներքո - RadioVan.fm

Онлайн

«Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու»․ Քոչարյանը, Սաղաթելյանը, Հակոբյանը միավորվել են «Հայաստան» դաշինքի ներքո

2021-05-10 10:32 , Политика, 1364

«Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է  լինելու»․ Քոչարյանը, Սաղաթելյանը, Հակոբյանը միավորվել են «Հայաստան» դաշինքի ներքո

Հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուշագիր է ստորագրել «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի վերջերս հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ։

«Հայաստան» նախընտրական դաշինքի շրջանակում համագործակցության սկիզբն ազդարարվել է երեկ՝ մայիսի 9-ին․ կողմերը հռչակագիր են ընդունել, որում ընդգծվում է, որ հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության ձևավորված «Հայաստան» դաշինքը քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների և անհատ գործիչների միավորում է, ու, որ դաշինքի ձևավորումը թելադրված է 2020 թվականի 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները, մեր պետականությանը նետված նոր սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությամբ։

«Մենք պատրաստ ենք ստանձնել ամբողջ պատասխանատվությունը պետության ճակատագրի հանդեպ, կանխել պետականության փլուզումը, ձևավորել նոր որակի իշխանություն, կերտել Հայաստանի ապագան:

Մենք համոզված ենք, որ խորհրդարանական մեծամասնության միջոցով կձևավորենք այնպիսի գործադիր իշխանություն, որը վեր կանգնելով նեղ քաղաքական նպատակներից, կծառայի ազգային-պետական շահերին, կիրականացնի դրանց պաշտպանությանն ուղղված արտաքին քաղաքականություն, կերաշխավորի հուսալի անվտանգություն, կկասեցնի սոցիալ-տնտեսական անկումը, կապահովի զարգացման բարձր տեմպեր, կկանխի զանգվածային արտագաղթի նոր ալիքը՝ անհրաժեշտ հիմքեր ստեղծելով արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղության համար»,-ասված է«Հայաստան» քաղաքական դաշինքի համագործակցության հռչակագրում, որի ստորագրման հանդիսավոր արարողության միջոցառումը ներկայացվել է ուղիղ հեռարձակմամբ։

Հավելենք՝ հռչակագրի ստորագրումից հետո Երևանի «Ազատության» հրապարակում կայացել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը, որի ժամանակ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ «հետհաշվարկ են սկսում Շուշին հանձնած իշխանության՝ իշխանության մնալու առումով»։

«2018-ի ապրիլին մեր ժողովուրդը իշխանության ղեկին է նստեցրել մի մարդու, որը չգիտի, թե ինչ է պետականությունը, թե այդ պետական մեքենան ոնց է աշխատում, ոնց է կառավարվում: Մենք մի մեքենայի մեջ ենք բոլորս՝ Հայաստանը, և ղեկը մի մարդու ձեռքին, որը չգիտի նույնիսկ, թե շարժիչը որտեղ է գտնվում: Հետո պարզվում է, որ այդ մարդը մեքենան քշել էլ չգիտի: Դա քիչ է, պարզվում է, որ այդ մարդը երթևեկության կանոնները չգիտի: Դա էլ քիչ է, պարզվեց, որ այդ մարդը ճանապարհը չի ճանաչում, չգիտի՝ գնա արևմուտք, արևելք, հյուսիս, թե՝ հարավ: Մենք բոլորս այդ մեքենայի մեջ ենք և այդ մեքենան արդեն 3 անգամ վթարի է ենթարկվել՝ տալով 5 հազար զոհ, 11 հազար վիրավոր և 35 հազար անօթևան ընտանիքներ: Հիմա ի՞նչ ենք ուզում մենք, պատրա՞ստ ենք լքել այդ մեքենան, թե՞ պետք է վռնդենք ղեկին նստած անձին:

Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ էլինելու, լավ եղեք»,-ելույթի ավարտին ասել է Ռոբերտ Քոչաչյանը՝ մինչ այդ առանձնացնելով երկրի առջև ծառացած 3 խնդիր։

«Առաջինը ՀՀ-ն այսօր անվտանգ չէ, այսօր Սյունիքի սահմաններն անվտանգ չեն: Մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը, իր սահմանները: Այսօր ունենք իշխանություն, որը հետևողականորեն քայքայել է բանակը և չի անում ոչինչ այն վերականգնելու համար: Մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն: Դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, նվաստացում, խայտառակություն, մահեր, զոհեր: Չեն կարող անել: Մենք կարող ենք դա անել, պատրաստ ենք անել:

Երկրորդը. Ղարաբաղի ապագան, անկեղծ ասեմ, բավական մշուշոտ է, ստորագրված պայմանագրով 4,5 տարի անց այդ չարաբաստիկ հայտարարությունը ենթադրում է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից: Հիմա որևէ մեկը ձեզնից լսե՞լէ այս իշխանավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ: Արդյոք պատրաստ են այսպիսի սցենարի, թե ոչ: Պարտության դեմքհանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել: Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում, եթե ծնկներիդ վրա ես կանգնած:

Հետևաբար, պետք է գա մի իշխանություն, որն ի վիճակի է արհեստավարժ ձևով հպարտ բանակցել ու հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների: Մենք կարող ենք դա անել:

Երրորդը. երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է: Անցած տարի տնտեսությունը 7,5 տոկոս անկում է ապրում, սղաճն ուտում է ձեր ցածր եկամուտները, երկրը խրվել է արտաքին պարտքերի մեջ: Չի կատարվել ոչ մի խոստում, թռիչքաձև աճը փոխարինվեց թռիչքաձև անկումով: Սա է այս իշխանության 3 տարվա արդյունքը:

Հետևաբար, սրանք չեն կարող շարունակել, պարտվելը միայն պարտություն չի պատերազմում, տնտեսական ոլորտում ձախողվելը նույնպես պարտություն է: Պարտությունը իշխանության համար պետք է առնվազն իշխանությունը կորցնելու գինը ունենա: Չի կարող պարտությունը լինել անհետևանք, հակառակ դեպքում ունենալու ենք մշտապես պարտվող ազգ, լուզերների ազգ ենք դառնալու, եթե պարտությունը իշխանության համար հետևանքներ չունենա:Ուրեմն այս իշխանությանը պետք է քշել, եթե իրենք պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»,-խնդիրներն է մատնանշել Քոչարյանը:

Лента

Рекомендуем посмотреть