Ազգային ժողովն (ԱԺ) այսօր վարչապետի ընտրության հարցով երկրորդ հատուկ նիստն է գումարել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 6-7-րդ մասերի համաձայն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդն առաջադրել է Նիկոլ Վովայի Փաշինյանիթեկնածությունը:
Եթե այսօր էլ պատգամավորները, ինչպես պայմանավորվել են, վարչապետ չընտրեն, խորհրդարանն իրավունքի ուժով կհամարվի արձակված, որից հետո ՀՀ նախագահը կնշանակի արտահերթ ընտրություն:
Հիշեցնենք՝ խորհրդակցելով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ, մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու որոշման մասին։
Ըստ այդմ՝ անհրաժեշտ է, որ վարչապետը հրաժարական ներկայացնի, որից հետո երկու անգամ անընդմեջ օրենսդիրում վարչապետ չընտրվի: Ընթացակարգերն ապահովելու նպատակով՝ Փաշինյանն ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, հրաժարական ներկայացրեց:
Մայիսի 3-ին վարչապետի ընտրության առաջին նիստ էր, և, պայմանավորվածության համաձայն, Ազգային ժողովը, վարչապետ չընտրեց․ նշենք՝ միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, քանի որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններից վստահեցրել էին՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։ Եթե, ի կատարումն քաղաքական պայմանավորվածության, այսօր էլ վարչապետ չընտրվի, ՀՀ նախագահը կնշանակի արտահերթ ընտրություն: