«Անկասկած, մենք կշարունակենք Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահ առաքելության ջանքերը: Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի գործելու առումով: Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եւ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն»,-այդ մասին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ շարունակում են հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտելու դիրքերից:
«Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հոգեբանական նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի վերջնական կարգավորման հետագա բոլոր հարցերում առաջ շարժվելու համար: Ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևերով, ձևաչափերով՝ և՛ նախորդ տարվա նոյեմբերի և այս տարվա հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման գծով, և՛ ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս դրական մթնոլորտի ձևավորմանը միտված գործունեությունը՝ մնացած բոլոր հարցերի հետագա լուծման նպատակով»,-հավելել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Փաշինյան-Լավրով հանդիպման մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով Երևան էր ժամանել երեկ՝ մայիսի 6-ին։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ նա հանդիպել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։ Նախ տեղի է ունեցել առանձնազրույց, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպումից Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը ստորագրել են ՀՀ և ՌԴ միջև փոխըմբռնման Հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով, հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Սերգեյ Լավրովն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին, «Հաղթանակ» զբոսայգում էլ՝ ծաղիկներ է խոնարհել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։