Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ սոցիալական այդ կայքի (Facebook) նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել։
«Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։ Ֆեյսբուքի ադմինիստրացիան ոչնչացրել է 124 Facebook հաշիվ, 15 էջ, 6 խումբ և 30 Instagram հաշիվ. Դրանք աշխատել են ներքին լսարանի վրա, ինչպես նաև Հայաստանի դեմ։ Ծախսվել է գովազդի վրա մոտ15 500 դոլար. Սքրինշոթներից երևում է, որ ֆեյքաբուծարանը նաև հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պատերազմի օրերին։
Իմ հարցին, թե արդյոք այս խումբը կապ ուներ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերված և ոչնչացված ադրբեջանական խմբի հետ, ինձ պատասխանեցին, որ կապ չեն հայտնաբերել»,-մանրամասնում է Մարտիրոսյանը՝ հրապարակելով նաև ադրբեջանական կեղծ/ֆեյք հրապարակումները փաստող նկարներ։