Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը՝ այն որակելով քաղաքական պատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ։
«Լատվիայի խորհրդարանում այսօր ընդունված 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող որոշումը պատմությունը քաղաքական նպատակներով վերաշարադրելու ապօրինի փորձ է: Այդ անհաջող ու անօրինական որոշումը մերժում ենք ու դատապարտում: Խորհրդարանները պատմություն գրելու և արդարադատություն իրականացնելու հարթակներ չեն»,-Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասված է այդ երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։
Անկարան, մերժելով և դատապարտելով Լատվիայի խորհրդարանի որոշումը, միաժամանակ, կոչ է անում հետ կանգնել «սխալ քայլից, չծառայել որոշ շրջանակների շահերին, որոնք փորձում են պատմությունից թշնամություն սերմանել»։
Նախարարությունը նշել է, որ «որոշումը հակասում է նաև 1948-ին ընդունված՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև ՄԻԵԴ-ի 2013 և 2015 թթ. վճիռներին, որոնք, ըստ Անկարայի, ցույց են տալիս 1915-ի իրադարձությունների վիճարկելի էությունը։