Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մարզային բաժինների աշխատանքից ազատված ավելի քան 5 տասնյակ աշխատակիցներն այսօր կառավարության շենքի առջև էին։ Նրանք անհիմն են համարում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ անարդյունավետ աշխատանքի հիմքով իրենց ազատելու որոշումը։
Արմավիրի բաժնի գլխավոր խորհրդատու, գիտությունների թեկնածու Սիմոն Ասատրյանը «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց, որ աշխատանքից ազատման մասին ծանուցվել է ապրիլի 28-ին՝ էլեկտրոնային կառավարման Mulberry համակարգի միջոցով։ «Ոչ արդյունավետ աշխատանք» հիմնավորմամբ ազատումը նա սխալ է համարում։
«Թող գնան գյուղերը հարցնեն՝ ճանաչու՞մ են մեզ, մեր աշխատանքը արդյունավե՞տ է, թե՝ ոչ,-ասաց պարոն Սիմոնյանը՝ հավելելով,-հիմա ծիրանենիների այգում վնասատուների բռնկման լուրջ դեպքեր է արձանագրվում ու դա կտարածվի դեղձենիներին, կեռասենիներին, սալորենիներին և այլ։ Ոչ միայն բերքը կոչնչանա, այլ՝ ծառերը կթուլանան, աստիճանաբար կչորանան։ Թող նախարարը վերցնի իր որակյալ, արդյունավետ խորհրդատուներին, գա խորհուրդ տա՝ գյուղացիները ի՛նչ անեն, որովհետև իրենց ապրուստի միջոցը դա է»։
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Շիրակի բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Խաչատրյանի համոզմամբ՝ մինչ «ոչ արդյունավետ գործառույթների կրկնություն» հիմնավորմամբ երկարամյա աշխատանքի փորձ ունեցող մասնագետներին ազատելու որոշումը կայացնելը անհրաժեշտ էր խորը վերլուծություն, ինչը չի արվել, քանի որ, նրա խոսքով, իրենք աշխատել են ծանրաբեռնված գրաֆիկով՝ 7 աշխատակցով սպասարկելով մարզի 17 բնակավայրի գյուղացիական տնտեսություններին։
«Ախր ինչպե՞ս կարելի է ձեռք տալ էդ ոլորտին, որը կորոնավիրուսի, պատերազմի օրերին նահանջ չի գրանցել»,-ասաց պարոն Խաչատրյանը, որի համար անհասկանալի է, թե էլեկտրոնային գյուղատնտեսության անցման դեպքում ինչպե՞ս է հնարավոր էլեկտրոնային խորհուրդ տալ, թե ինչպես, օրինակ, ծառը էտել, քիմիկատներ օգտագործել։
«Լավ է՝ էդ խորհրդատվությունը լինի դաշտում, երբ որ մասնագետը կտեսնի հողի որակը, սերմի որակը»,-ընդգծում է նա՝ շեշտելով, որ այս ընթացքում մեկ բան է հասկացել՝ ինչ ուզում են՝ անում են, հաշվի չառնելով որևէ կարծիք։
Իսկ, թե մասնագետներին որևէ այլընտրանքային աշխատանք առաջարկվե՞լ է՝ Շիրակի բաժնի մասնագետներից մեկն ասաց․
«Պարոն Քերոբյանը նշեց, որ իր ընկերն ասել է, որ Շիրակի Մարալիկ համայնքի կարի գործարանում լիքը աշխատատեղ կա ու բոլորին կարող են աշխատանքի ընդունել այնտեղ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ, բարձրագույն կրթություն ունեմ, կարելուց հեռու մարդ եմ ու չեմ պատկերացնում, թե ի՞նչ պետք է անեմ կարի գործարանում»։
Մասնագետների հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ կառավարության առջև հավաքված մասնագետներին այսօր որևէ պաշտոնյա չի լսել, հանդիպում չի եղել։
Հավելենք՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հաստիթների կրճատումը չի համարում որևէ անձի դեմ ուղղված գործողություն։ Նրա խոսքով՝ այդ քայլը նպատակ ունի բարձրացնել պետական կառավարման համակարգի իրեն վստահված հատվածի արտադրողականությունը և արդյունավետությունը։
Այդ մասին նախարարն ասաց երեկ՝ մայիսի 5-ին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով մարզերում գյուղատնտեսական խորհրդատվական նորարարությունների մոնիտորինգի կենտրոններում հաստիքների կրճատման վերաբերյալ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին։
«Մանրամասն վերլուծություն ենք արել, թե ինչպես պետք է փոխվի էկոնոմիկայի նախարարության կառուցվածքը, որպեսզի ավելի լավ սպասարկի այսժամանակահատվածում մեր տնտեսության առաջ ծառացած խնդիրները և որոշում ենք կայացրել հարկատուների միջոցներն ավելի արդյունավետ ծախսել և կրճատել այն հաստիքները, որոնց գործառույթները կարող ենք տանել այլ հաստատությունների վրա։ Օրինակ՝ մոնիտորինգի հետ կապված գործառույթները մեծամասամբ գնալու են բանկերին»։
Պատգամավորի դիտարկմանը, թե, եթե գյուղատնտեսությունն ուզում են զարգացնել՝ խիստ խնդրահարույց են նման կրճատումները, նախարար Քերոբյանը վստահեցրեց․
«Հավատացեք, այն հաստիքները, որոնք մնում են՝ ամեն մարզում 3 հոգի, ավելի քան բավարար է այդ գործառույթների ծավալն իրականացնելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան