Այսօր՝ մայիսի 5-ին, աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) հայտնում են, որ մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Առանձնազրույցից հետո տեղի կունենա ընդլայնված ձևաչափով հանդիպում։ Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Նշենք՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների գերակա թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը: