Ադրբեջանի այս գործողությունները նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազանչեցոցում «շինարարության» մասին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի այս գործողությունները նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազանչեցոցում «շինարարության» մասին

2021-05-04 16:37 , Политика, 1084

Ադրբեջանի այս գործողությունները նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. ՀՀ ԱԳՆ-ն՝  Ղազանչեցոցում «շինարարության» մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները։

Նշենք՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ահազանգել է, որ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիները աղավաղում են Ղազանչեցոց եկեղեցին։ Օրեր առաջ էլ հայտնի էր դարձել, որ Շուշին օկուպացրած ադրբեջանցիները քադել են եկեղեցու դարպասների հրեշտակների քանդակները, հանել են խաչը, «մայիսի 9-ին ընդառաջ էլ՝ գմբեթները»։

«Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները դատապարտելի են, հատկապես, որ արդեն իսկ բազմաթիվ են հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման և այդ գործողություններն արդարացնելու նախադեպերը:

Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործած բազմաթիվ պատերազմական հանցագործությունների շարքում առանձնակի աչքի է ընկնում բարձր ճշգրտությամբ զինատեսակներով մեկ օրում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի դիտավորյալ կրկնակի հրթիռակոծումը, որին հրադադարի հաստատումից հետո հաջորդեցին նաև վանդալիզմի դեպքեր:

Հատկանշական է, որ ԱդրբեջանըՇուշիի Մայր տաճարի հետ կապված գործողություններ է իրականացնում առանց Հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցելու, ինչն ակհայտորեն խախտում է հայ հավատացյալների կրոնի ազատության իրավունքը։ Նույնքան մտահոգիչ է, որ Ադրբեջանը սկսել է եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքներ կատարել մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության կողմից աշխատանքների սկսումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտավորյալարգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը։

Այս իրավիճակում հայկական կողմի բոլոր այն մտահոգությունները, որ Ադրբեջանի այս գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը, առավել քան հիմնավոր են։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում առկա բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշակոթողների և պաշտամունքի վայրերի հետ կապված որևէ գործողությունչի կարող իրականացվել առանց միջազգային, առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կողմից առկա վիճակի փաստագրման և վերականգնման աշխատանքներում գործուն ներգրավվածության: Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է և այն որպես սրբատեղի պետք է ծառայի հավատացյալներին»,-ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть