Մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը՝ 100 հազար դեղաչափ՝ 50 հազար անձի համար:
Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար:
Գերատեսչությունից ընդգծում են, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը:
Հիշեցնենք՝ ապրիլի 13-ից Երևանում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը, մարզերում էլ՝ ապրիլի 14-ից։
Պատվաստումները, մինչ այս, իրականացվել են բրիտանա-շվեդական AstraZeneca և ռուսական Sputnik V պատվաստանյութերով։