«Անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Ադրբեջանի բանտերում անմարդկային պայմաններում պահվող ավելի քան 200 հայ ռազմագերիներին»․բողոքի ակցիաներ՝ 30 քաղաքներում - RadioVan.fm

Онлайн

«Անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Ադրբեջանի բանտերում անմարդկային պայմաններում պահվող ավելի քան 200 հայ ռազմագերիներին»․բողոքի ակցիաներ՝ 30 քաղաքներում  

2021-05-03 16:55 , Общество, 1334

«Անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Ադրբեջանի բանտերում անմարդկային պայմաններում պահվող ավելի քան 200 հայ ռազմագերիներին»․բողոքի ակցիաներ՝ 30 քաղաքներում

Աշխարհի 13 երկրների շուրջ 30 քաղաքներում (Լոս Անջելես, Նյու Յորք, Հռոմ, Զագրեբ, Բեռլին, Հաագա, Ժնև, Սիդնեյ, Թել Ավիվ, Մոնրեալ և այլն) հայ ռազմագերիների վերադարձի պահանջով երկրորդ համահայկական բողոքի ակցիաներ են կայացել։ Լոս-Անջելեսում ակցիայի մասնակիցները բեմականացրել են հայերին գերեվարելու տեսարանը՝ ադրբեջանցի մարդասպանների անունից շնորհակալություն հայտնելով ամերիկյան հանրությանը՝ լռության և անտարբերության համար։

Այդ մասին հայտնում է «Ազատություն հայ ռազմագերիներին» համահայկական նախաձեռնությունը։

«Սփյուռքում իրականացված ակցիաները մեծ արձագանք են հարուցել օտարերկրյա հարթակներում և լուսաբանվել միջազգային լրատվամիջոցների կողմից։ Հազարավոր հայեր և մարդու իրավունքի միջազգային պաշտպաններ շարունակում են բարձրաձայնել հայ ռազմագերիների խնդիրն ու նրանց անհապաղ հայրենիք վերադարձնելու պահանջը»,-հավելում են «Ազատություն հայ ռազմագերիներին» համահայկական նախաձեռնությունից։

Նշվում է, որ Երևանում ապրիլի 30-ին Ազգային Ժողովի շենքի առջև կայացած «Ազատություն հայ ռազմագերիներին» համահայկական նախաձեռնության երկրորդ բողոքի ակցիային էին միացել ռազմագերիների շուրջ 50 ծնողներ, ովքեր ակցիայի ընթացքում հանդիպել և զրուցել են Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագետների հետ, նամակ հանձնել դեսպանատներին և ընթերցել նախաձեռնության հայտարարությունը։

Մասնավորապես, նամակ է հանձնվել 9 պաշտոնական ներկայացուցչության՝ Հունաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ՌԴ, ԱՄՆ դեսպանատներին, Եվրամիության Պատվիրակությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ի պաշտպանություն հայ ռազմագերիների ու Բաքվում պահվող քաղաքացիական անձանց համաշխարհային լուռ բողոքի ակցիաների մեկնարկը տրվել է Երանում՝ ապրիլի 15-ին։ Նախաձեռնության ներկայացուցիչներից Սեդա Գրիգորյանն ընդգծել էր, որ «աշխարհասփյուռ բոլոր հայերը պետք է իրենց բանտված զգան, քանի դեռ մեր հայրենակիցները տուն չեն վերադարձել»։

Նախաձեռնության անդամները մտադիր են շարունակաբար իրականացնել առանձին բողոքի ակցիաներ և նոր համատեղ ակցիա առաջիկա օրերի ընթացքում։

Հայ ռազմագերիների վերադարձի պահանջով համահայկական նախաձեռնությունը նաև հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Աշխարհի հայերն ու մարդու իրավունքների պաշտպաններն այսօր միավորվել են՝

պահանջելով անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել 2020 թվականի

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մինչ օրս Ադրբեջանում գերության

մեջ գտնվող հայ գերիներին։

Ադրբեջանը շարունակաբար խախտում է Ժնևի՝ Ռազմագերիների հետ վարվելակերպի

մասին կոնվենցիան՝ անազատության մեջ պահելով հայ ռազմագերիներին: Բացի այդ,

Ադրբեջանը խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և

Ռուսաստանի միջև կնքված հրադադարի եռակողմ հայտարարությունը: 2021 թ. ապրիլի 15-ի մեր կոչն արդեն մեծ արձագանք է ստացել, և այսօր` երկու շաբաթ անց, մարդու իրավունքների պաշտպաններն ու մտահոգ քաղաքացիները երկրորդ անգամ են հավաքվում աշխարհի ավելի քան 15 երկրների 30 քաղաքներում, կթվարկենք միայն մի քանիսը. Բեռլին, Բրյուսել, Ժնև, Լոնդոն, Լոս Անջելես, Մոսկվա, Նյու Յորք, Հռոմ, Երևան և այլն։ Պահանջը մեկն է՝ անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել 2020 թվականի Արցախյան պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանի բանտերում անմարդկային պայմաններում գերի պահվող ավելի քան 200 հայ ռազմագերիներին:

Մենք միասնական ենք՝ դիմագրավելու Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների հարցը

քաղաքական և դիվանագիտական գործարքների մեջ օգտագործելու ամոթալի

փորձերին:

Այսպիսով, մենք կոչ ենք անում.

- Հայաստանի Հանրապետության կառավարությանը,

- մեր համաքաղաքացիներին,

- Միավորված Ազգերի Կազմակերպությանը,

- իրավապաշտպան կազմակերպություններին և փաստաբաններին

Կանխել Ադրբեջանի կողմից արվող շահարկումները և պահանջել անհապաղ և առանց

նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին:

ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.

Հայ ռազմագերիների ազատման համաշխարհային շարժումը մարդու իրավունքների

պաշտպանների ոչ պետական, ոչ կրոնական, անկուսակցական ցանց է, որը ծագել է

հայկական սփյուռքում»:

Հիշեցնենք՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով 2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում մինչ օրս ՀՀ է վերադարձվել 69 քաղաքացի, մեկն էլ՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը, վերադարձվել է Բեյրութ Լիբանանի իշխանությունների, ՌԴ պետդումայի նախագահի գործուն ջանքերի շնորհիվ։

Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ վերադարձրել է հայկական կողմի բոլոր գերիներին։ Բոլոր նրանց, ովքեր ներկայում բաքվի բանտերում են, ադրբեջանական կողմը համարում է դիվերսանտներ ու հայտարարում նրանց օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկելու մասին։

Եվրամիությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության հետևանքով գերեվարվածների վերաբերյալ ապրիլի 28-ին ընդունած հայտարարությամբ՝ Բաքվին հորդորել է անկախ ձերբակալման հանգամանքներից վերադարձնել բոլոր ռազմագերիներին և կալանավորվածներին։

ՀՀ նախագահն այս օրերին միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ խնդրին։ Նա նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով նրանց աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Տեսանյութերը և լուսանկարները՝ «Ազատություն հայ ռազմագերիներին» համահայկական նախաձեռնության

Лента

Рекомендуем посмотреть