ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօր իրավունքի ուժով գումարված հատուկ նիստում կայացած քվեարկության արդյունքում վարչապետ չի ընտրել՝ այդպիսով ապահովելով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը:
Նշենք՝ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Որոշումը չընդունվեց՝ 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնության է եկել հունիսի 20-ին նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` պայմանով, որ իր հրաժարականի դեպքում վարչապետի նոր թեկնածու չի առաջադրվի, և երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի: Այդ նպատակով ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:
Այսօր ԱԺ-ում իրավունքի ուժով գումարված հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը Փաշինյանը հույս հայտնեց, որ պայմանավորվածությունները խախտելու փորձեր չեն արվի, հակառակ դեպքում, ընդգծեց, իրենք ունեն պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ:
Հավելենք՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։