Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (ԱԺ) նախագահն արձագանքել է Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի՝ թվիթերյան գրառումների շարքին, ըստ որոնց ընդգծվում է, թե 2020-ի նոյեմբերի 10-ի փաստաթղթի մանրամասներին շարքային հայերն ու սփյուռքը, կարծես, տեղեկացված չեն, ու, որ դրանում հստակ նշված է, թե Ստեփանակերտը և այլ քաղաքներ աստիճանաբար անցնելու են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ:
«Հարցրեք Նիկոլ Փաշինյանին»,-գրել էր նա՝ մեկ այլ գրառմամբ ընդգծելով, թե «Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է ադրբեջանական բանակի վերահսկողության ներքո հունիսին՝ կա՛մ խաղաղ, կա՛մ բռնի ուժով»։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն, ահա, երեկ երեկոյան տարածած հայտարարությամբ Ահմեդ Սահիդովի պնդումները որակել է ադրբեջանական իշխանությունների հերթական սադրիչ գործելաոճի արտահայտություն։
«Սիրելի' հայրենակիցներ
Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի՝ թվիթերյան էջում կատարած աղմկահարույց գրառումների շարքը ադրբեջանական իշխանությունների հերթական սադրիչ գործելաոճի արտահայտությունն են։
2020թ նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր։
Այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը Արցախի բանակն ու ռուս խաղաղապահ ուժերն են։
Արցախն Ադրբեջանի կազմում կամ որևէ ուղղահայաց ենթակայության տակ լինել չի կարող։
Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մենք վերականգնելու ենք Արցախի ազատությունն ու անկախությունը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները ևս գիտակցում են, որ անվտանգության ապահովմանը զուգահեռ Արցախի ժողովրդի համար հրատապ է Արցախի կարգավիճակի հարցը։ Անվտանգություն և հստակ կարգավիճակ․ սրանցից մեկի բացակայության դեպքում Արցախը հայաթափվելու է։
Լիահույս ենք, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկն ենք և, որպես անկախ պետություն, պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության պայմանագրեր կնքելու ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև բոլոր խաղաղասեր երկրների հետ։
Խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է։ Մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգ»,-մասնավորապես ասված է Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունում, որի տարածումից րոպեներ անց Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից ստացվեց խնդրանք՝ տեքստից հանել «ուղղահայաց» բառը։