ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօր իրավունքի ուժով գումարված հատուկ նիստում քննարկում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը։
«Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
«Վարչապետի կողմից վարած բանակցությունների արդյունքում նախագահի, ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սուն թվականի հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունների անցկացման համար ներկա օրենսդրությունը սահմանում է ընդամենը մեկ տարբերակ, այն է Ազգային ժողովի արձակումը, որը կարող է տեղի ունենալ վարչապետի թեկնածուին երկու անգամ չընտրելու պարագայում, այդ նպատակով «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,-հայտարարեց հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնության է եկել հունիսի 20-ին նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` պայմանով, որ իր հրաժարականի դեպքում վարչապետի նոր թեկնածու չի առաջադրվի, և երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի: Այդ նպատակով ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:
Այսօր խորհրդարանի ամբիոնից նա շեշտեց, որ հավաքվել են, որպեսզի ի կատար ածվի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, ՀՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
«Այսօր ընտրությունների առաջին փուլն է: Այս ընթացքում շահարկումներ են լինում այն մասին, որ ինչ-որ մի պահի ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել: Եթե այդպիսի փորձեր լինեն, պայմանավորվածությունների խախտում լինի, մենք ունենք պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ: Ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունները որևէ կերպ խախտելու փորձեր չեն արվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հատուկ նիստի մանրամասները՝ տեսանյութում։