Այսօր Հայաստանում նշում են Բանկային աշխատողի օրը: Այն կառավարության որոշմամբ տոնվում է 2003 թ.-ից: Ամսաթվի ընտրությունը պատահական չէ. 1993 թ.-ի այս օրը ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են դարձել 10, 25, 50, 100 և 200 դրամանոց թղթադրամները:
1993 թվականի նոյեմբերի 22-ին ազգային արժույթի ներդրմամբ՝ ՀՀ տարածքում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը:
2018 թ.-ի նոյեմբերի 22-ին՝ ՀՀ դրամի ծննդյան 25-ամյակին, շրջանառության մեջ կդրվեն երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։ «Դրանք լինելու են 1 000, 2 000, 5 000, 10 000, 20 000 և 50 000 արժեքով թղթադրամներ: 1 000 դրամանոց թղթադրամի վրա պատկերված է լինելու Պարույր Սևակի դիմանկարը, 2 000 դրամանոց թղթադրամին, որն առաջինն է դրվելու շրջանառության մեջ, լինելու է Տիգրան Պետրոսյանի պատկերը: 5 000 դրամանոց թղթադրամին լինելու է Վիլյամ Սարոյանի պատկերը, 10 000 դրամանոցին՝ Կոմիտաս վարդապետինը, 20 000 դրամանոցը կլինի Այվազովսկու պատկերով, իսկ 50 000 դրամանոց թղթադրամին կլինի Գրիգոր Լուսավորչի նկարը՝ արված անհայտ նկարչի կողմից»,-ասել է Դավիթ Նահապետյանը: Ըստ նրա՝ արդեն կան էսքիզային տարբերակները, որոնք վերջնական մշակման են ենթարկվելու և անցնելու են տպագրության, այս պահին գործածվող 2-րդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս չեն գալու։