ՀՀԿ-ն և «Հայրենիք»-ը դաշինքով կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին - RadioVan.fm

Онлайн

ՀՀԿ-ն և «Հայրենիք»-ը դաշինքով կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին

2021-04-29 21:39 , Политика, 1101

ՀՀԿ-ն և «Հայրենիք»-ը դաշինքով կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին

Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նիստից հետո կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ քննարկել են ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շահերին առնչվող տարածաշրջանային զարգացումներ։

Նրա փոխանցմամբ` կարծիքներ են փոխանակվել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանդեպ Հանրապետականի վերաբերմունքի, մասնակցության նպատակահարմարության և ձևաչափերի վերաբերյալ։

«Արդյունքում, հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, այդ նպատակի համար բոլոր միջոցների և ջանքերի գործադրման կարևորությունը, ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին։

Մասնակցության հնարավոր ձևաչափերի և համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ։

Միաժամանակ արձանագրվել են գործող դավադիր վարչակազմի հակասահմանադրական, հակաօրինական, միահեծան եւ ռեպրեսիվ գործողությունները, որոնք անվստահության և ապալեգիտիմացման ական են դնում այս գործընթացի տակ»,-ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մամլո կենտրոնում հավիրված ասուլիսում ասել է Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնության է եկել հունիսի 20-ին նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` պայմանով, որ իր հրաժարականի դեպքում վարչապետի նոր թեկնածու չի առաջադրվի, և երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի:

Лента

Рекомендуем посмотреть