Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ազատության հրապարակի (Օպերայի) ստորգետնյա ավտոկայանատեղիում էլեկտրական ավտոմեքենաների համար տեղադրվել են լիցքավորման կայաններ։ Վարորդները հնարավորություն կունենան կայանելուն զուգընթաց լիցքավորել իրենց մեքենաները։
Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ լցակայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Plug.am» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է UNDP-ի, Global Environment FacilityGEF Small Grants Programme -ի աջակցությամբ։
«Երևանում էլեկտրական ավտոմեքենաների խթանումը տարբեր միջոցառումների միջոցով կրելու է շարունակական բնույթ»,-քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի խոսքերն է փոխանցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք՝ «էլեկտրամոբիլները Հայաստանում» նախաձեռնող խմբի և «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի կողմից 2020-ի սեպտեմբերի 21-ին Երևանում կայացել է էլեկտրամոբիլների առաջին շքերթը՝ հանուն էկոլոգիապես մաքուր Հայաստանի։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի` «Plug.am» նախագիծը նպատակ ունի հանրապետությունում խթանել ենթակառուցվածքների զարգացումը էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայանների տեղակայման միջոցով՝ ստեղծելով նախադրյալներ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար։