Եվրամիությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության հետևանքով գերեվարվածների վերաբերյալ հայտարարություն է ընդունել:
Ապրիլի 28-ին հրապարակված հայտարարությունում Եվրոպական միությունը ողջունում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո «տեղում հրադադարի ռեժիմի ամրապնդումը և որոշ դրական արդյունքներ, որոնք ձեռք են բերվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են մարդկային աճյունների վերադարձը և հակամարտության հետևանքով խիստ տուժած բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը»։
Այդուամենայնիվ, Եվրամիությունը վերահաստատում է, որ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը երկու երկրների միջև վստահության հաստատման և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթացի համար։
«Դա ներառում է թշնամական և վիրավորական հռետորաբանոությունից զերծ մնալը, մնացյալ ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից, և նաև այլ կարևոր հարցերում համագործակցությունը, ինչպիսին է ականազերծումը»,-ընդգծվում է հայտարարությունում։
Այս համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախարարների կոմիտեին վերջերս կատարված ծանուցումից հետո՝ Եվրամիությունը շեշտում է, որ Մարդու իրավունքների կոնվենցիային միացած պետությունները պարտավոր են ենթարկվել միջանկյալ միջոցների վերաբերյալ Դատարանի պահանջներին, և կոչ է անում Ադրբեջանին ներկայացնել Դատարանի պահանջած տեղեկատվությունն ամբողջությամբ։
Նշենք՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում մինչ օրս ՀՀ է վերադարձվել 69 քաղաքացի, մեկն էլ՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը, վերադարձվել է Բեյրութ Լիբանանի իշխանությունների, ՌԴ պետդումայի նախագահի գործուն ջանքերի շնորհիվ։
Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ վերադարձրել է հայկական կողմի բոլոր գերիներին։ Բոլոր նրանց, ովքեր ներկայում բաքվի բանտերում են՝ ադրբեջանական կողմը համարում է դիվերսանտներ ու հայտարարում նրանց օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկելու մասին։
Մինչդեռ, հայկական կողմի տարբեր տվյալներով, Ադրբեջանի տարածքում ներկայում շուրջ 200 հայ ռազմագերի կա։