«Կոտայքի մարզում վարելահողերի միայն 37 տոկոսն է մշակվում: Այսինքն՝ հողերի մեծամասնությունը շարունակում է մնալ չմշակված, և սա հիմնարար խնդիր է Հայաստանի Հանրապետության և Կոտայքի մարզի համար՝ նույնպես: Հանրապետությունում միայն երկու մարզում է, որ մշակվում է վարելահողերի 50 տոկոսից ավելին՝ Արարատի և Արմավիրի մարզերը: Մնացած մարզերում գործնականում վարելահողերի 50 և ավելի տոկոսը չի մշակվում»,-այդ մասին Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանն ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պատրաստվում են առաջիկայում ծրագիր ներդնել, համաձայն որի, եթե որևէ հողատարածքում տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրևացման, 5 տարի ոռոգման ջրի վարձավճարից կազատվի:
«Սա կարևոր է: Առաջիկայում դե յուրե որոշումը կընդունենք և կկանոնակարգենք, թե ինչպես է այդ գործընթացը տեղի ունենալու»,-ասել է Փաշինյանը՝ նկատելով, որ Հայաստանում վարելահողերի 74 տոկոսը, այդ թվում՝ Կոտայքի մարզի, չի ոռոգվում ընդհանրապես։
«Նաև ժողովրդագրության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն, և այստեղ էլ խնդիր եմ տեսնում կամ համենայնդեպս կուզենայի լսել, թե մեր մարզերի բնակիչները որքանով են տեղեկացված այն ծրագրերի մասին, որոնք այսօր արդեն գործում են: Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս նախորդ տարի՝ 2020թ. մայիսի 14-ին, ընդունել ենք երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության վերաբերյալ ծրագիր: Դրա առանձնահատուկ շահառու են մարզերի բնակիչները, այն ընտանիքները, որոնք առնվազն երկու անչափահաս երեխա ունեն: Նրանք հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում, ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, աջակցություն են ստանում: Այսինքն, եթե 2 երեխա ունեցող ընտանիքը հիփոթեքային վարկով ձեռք է բերում բնակարան, այդ փաստի բերումով արդեն ստանում է բնակարանի 5 տոկոսի չափով աջակցություն, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: Գործնականում՝ մեր բոլոր մարզերում 1 մլն դրամը 20 մլն դրամի 5 տոկոսն է: 20 մլն դրամով կարելի է ձեռք բերել բավականին լավ բնակարան: Բայց սա ամբողջը չէ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում, ավելանում է ևս 500 000 դրամ աջակցություն: Այսինքն՝ միանվագ աջակցություն է ստանում: Սա վերաբերում է մարզերի բնակիչներին: Եվ, ըստ էության, մոտավորապես նույն սխեման գործում է նաև կառուցապատման պարագայում: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, աջակցությունն ավելանում է 30 տոկոսով: Այսինքն՝ իմ ասած 1 մլն դրամը դառնում է 1 մլն 300 000 դրամ, 500 000 դրամը դառնում է 650 000 դրամ: Բայց սա նույնպես ամբողջը չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունն ունի նաև այլ ծրագիր, որն արդեն գործում է ոչ միայն մարզերում, այլև Երևանում: Ծրագրի էությունը հետևյալն է՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում կրկին հիփոթեքով բնակարան ձեռք բերելու պարագայում մնացորդային մայր գումարի 10 տոկոսը նույնպես վճարում է պետությունը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այստեղ նրբություն կա, որ պետք է վերջին 12 ամիսների ընթացքում այդ հիփոթեքային վարկը սպասարկված լինի, այսինքն՝ արդեն լինի ընթացքի մեջ:
«Մարզերի բնակիչների դեպքում իրենք կարող են օգտվել ոչ միայն իմ նախորդ նշած ծրագրից, այլև օգտվել և՛ սրանից, և՛ նրանից: Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում վարկի մնացորդային գումարի 50 տոկոսը մարզերում նույնպես փակվում է: Եվ, ըստ էության, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա երրորդ և հաջորդ երեխայի դեպքում վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսը պետությունը փակում է:
Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այս ծրագրերը գործում են նաև շինարարության դեպքում: Այսինքն, երբ վարկ է վերցվում շինարարություն իրականացնելու համար: Ու եթե հաշվի առնենք, որ նաև բարձրացրել ենք առաջին, երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարը, նաև երրորդ երեխայի համար 1 մլն դրամ աջակցություն է ցուցաբերվում, այս հաշվարկները երբ անենք, կարող է պարզվել, որ օրինակ 20 մլն դրամանոց բնակարանի պարագայում, ընտանիքը կարող է ստանալ մինչև 5 մլն և նույնիսկ ավելի աջակցություն:
Բայց նաև ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ, իհարկե, մարզերում այդ խնդիրը մի քիչ այլ կերպ է դրված, որ ունենք եկամտային հարկի վերադարձի ծրագիր: Եթե ընտանիքն առաջնային շուկայից ձեռք է բերում բնակարան, և օրինակ, 250 000 դրամ աշխատավարձ է ստանում, այս 250 000 դրամ աշխատավարձ ստացող ընտանիքը մարզում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու ընթացքում, ենթադրենք 20 տարով հիփոթեքային վարկ է վերցրել, այդ 20 տարվա ընթացքում 14 մլն դրամի եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում: Ի՞նչ նկատի ունեմ՝ մենք պետք է մտածենք մարզերում բնակարանաշինությունը խթանելու մասին: Որովհետև այսօր մարզերում գործնականում գրեթե ոչ մի տեղ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել հնարավոր չէ: Բայց եթե այս ծրագրերը ճիշտ կառավարենք, կարող է ստացվել, որ, ըստ էության, երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել բացառապես պետության աջակցության հաշվին կամ առնվազն պետությունը կախված գնից, իհարկե, կարող է մինչև 70-80 տոկոս աջակցություն ցուցաբերել համախառն բնակարանի ձեռքբերմանը։ Նկատի ունեմ, որ այս ծրագրերը ընդունում ենք, սակայն դրանք նաև պետք է կարողանանք ուղեկցել. մի կողմից՝ նախ քաղաքացիներն իրազեկված լինեն, որ կան այսպիսի հնարավորություններ, որովհետև մենք մեկ-երկու անգամ լրատվություն տալով, ենթադրում ենք, որ մարդիկ դա արձանագրեցին։ Այդպես չէ: Պետք է մարդկանց շարունակաբար ներկայացնել: Ընդհուպ՝ մեր սոցիալական աջակցության ծառայությունները կամ մարզպետարանները գուցե վերլուծություն անեն և պոտենցիալ շահառուներին գտնեն, մարդկանց հրավիրեն և ասեն՝ գիտեք, որ դուք ունեք այսպիսի հնարավորություն, գուցե այս հնարավորություններից պետք է օգտվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով մարզերում բնակարանաշինության խթանումը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ պետք է բիզնեսն էլ իրազեկվի, որովհետև եթե պարզվի, որ, օրինակ, Հրազդան քաղաքում կա պոտենցիալ «իքս» թվով շահառու, որոնք շահագրգռված են և պետք է բնակարան ձեռք բերեն, կարող է առաջանալ նաև այդ պահանջարկը։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մեր տեղական ինքնակառավարման մարմիների աջակցությունը:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ գյուղական բնակավայրերում չաշխատող մայրերին երեխայի մինչև երկու տարեկան դառնալը հատկացվում է 26 հազար 500 դրամ՝ որպես երեխայի խնամքի նպաստ, իսկ աշխատող մայրերը գյուղական բնակավայրերում ստանում են կրկնակի, այսինքն՝ 53 հազար դրամ։