Դադիվանք 25 հայ ուխտավորի մուտքը խոչընդոտելու միջադեպի մասին Արցախի ՄԻՊ-ը կտեղակացնի միջազգային հանրությանը - RadioVan.fm

Онлайн

Դադիվանք 25 հայ ուխտավորի մուտքը խոչընդոտելու միջադեպի մասին Արցախի ՄԻՊ-ը կտեղակացնի միջազգային հանրությանը

2021-04-28 14:48 , Право, 1346

Դադիվանք 25 հայ ուխտավորի մուտքը խոչընդոտելու միջադեպի մասին Արցախի ՄԻՊ-ը կտեղակացնի միջազգային հանրությանը

Արցախի Հնարապետության մարդու իրավունքների պաշտպան (ԱՀ ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմի՝ Դադիվանք վանական համալիր հայ ուխտավորների մուտքն օրերս խոչընդոտելու միջադեպի մասին կտեղեկացնի միջազգային հանրությանը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորների կողմից նախատեսվում էր իրականացնել ձեռնադրման արարողություն։

Հավատացյալների մուտքը Դադիվանք ակնհայտորեն կեղծ և անհիմն պատրվակներով խոչընդոտելով՝ ադրբեջանցի զինվորականները նպատակ են հետապնդել տապալելու հայ առաքելական եկեղեցու կարևոր հոգևոր արարողությունը։

Սրանով իսկ ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ հայ հավատացյալները կարող են մուտք գործել և հոգևոր արարողություններ իրականացնել Դադիվանքի վանքում։

Հոգևոր-կրոնական իրավունքներն ու ազատություններն ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և միջազգային այլ հիմնարար փաստաթղթերով, որոնց խախտումը ոտնձգություն է մարդու արժանապատվության, նրա իրավունքների և ազատությունների դեմ։

Իրեն մշակութային և կրոնական բազմազանության երկիր հայտարարած Ադրբեջանը, անտեսելով միջազգային հանրաճանաչ նորմերը, անարգում, պղծում և ոչնչացնում է իր օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայ ժողովրդի մշակութային արժեքները, նպատակային կերպով մաքրում հայկական գրություններն ու հետքերը և արհեստականորեն խոչընդոտում հայ հավատացյալների մուտքը հոգևոր վայրեր։

Այս միջադեպի մասին ևս ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կտեղեկացնի միջազգային համապատասխան կառույցներին՝ կոչ անելով հստակ մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ»։

Рекомендуем посмотреть