Հաշվի առնելով փաստը, որ մշակվում է 2022 ֆինանսական տարվա Արտաքին օգնության օրինագիծը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա գործողությունների հատկացումների ենթակոմիտեի նախագահ Բարբարա Լիին՝ կոչ անելով ֆինանսապես աջակցել Հայաստանին և Արցախին
«Միացյալ Նահանգները յուրահատուկ հնարավորություն ունի օգնելու Արցախյան պատերազմից և դրա հետևանքով առաջացած անորոշությունից ցնցված Հայաստանին: Նշանակալի տնտեսական օգնություն տրամադրելը կօգնի Հայաստանի ժողովրդին լինել ավելի պաշտպանված, կամրապնդի ժողովրդավարությունն այդ երկրում, կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը, կկայունացնի նրա քաղաքացիական հասարակությունը, կօգնի պատասխանել COVID-19 համավարակին և առավելագույնը կթեթևացնի Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը»,-նամակում ընդգծել են Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիերը և Ադամ Շիֆը՝ վստահեցնելով, որ այդ ներդրումը կամրապնդի ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, կօգնի Հայաստանին վերակառուցվել ու ամրապնդել ժողովրդավարությունը տարածաշրջանում:
Նամակում ներառվել են բյուջետային հետևյալ հարցումները.
- Ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին՝ օգնելու վերականգնմանն ու վերակառուցմանը, ներառյալ անհրաժեշտ բնակարանները, սննդի անվտանգությունը, ջրամատակարարումը և սանիտարական վիճակը, բժշկական օգնությունն ու աջակցությունը փախստականներին, ենթակառուցվածքների վերականգնումը,
- 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում վտանգավոր զինամթերքի ոչնչացման ծրագրերի համար,
- 100 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Հայաստանին` տնտեսության, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգության ոլորտներին աջակցելու համար՝ պետքարտուղարության և ԱՄՆ ՄԶԳ (USAID) հաշիվների միջոցով։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակցությամբ, շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ հրաժարվելով ազատ արձակել մոտ 200 հայ ռազմագերիներին և քաղաքացիական բնակչությանը, որոնք ներկայում գտնվում են ադրբեջանում և խոշտանգվում են, կոնգրեսականները ենթակոմիտեին կոչ են անում կասեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին նախատեսված ԱՄՆ ամբողջ օգնությունը, քանի դեռ չի հաստատվել, որ դադարեցվել են բոլոր հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ: