Հայաստանը չի նախատեսում Զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը։
Այդ մասին այսօր տարածած հայտարարությամբ վերահաստատում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։
«Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:
Նշենք՝ մարտի 18-ին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՊՆ-ից հայտնել էին, որ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին, և պաշտպանության նախարարությունը չի նախատեսում Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը։
Նշվել է, որ հայկական կողմը զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրել է վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը: Ընդգծվել է, որ, ընդհանրապես, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կազմակերպվող միայն այն զորավարժություններին, որոնք միջազգային խաղաղության և կայունության պահպանման բնույթի են և որոնց ընթացքում հնարավոր է պատրաստել խաղաղապահ ուժերին կամ միջազգային առաքելությունների համար պատրաստվող մասնագիտացված ստորաբաժանումները` ինժեներական և դաշտային հոսպիտալ: