«Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ սոցիալական ցանցերում կատարված գրառման ու դրան կից տարածված լուսանկարին անդրադառնալով՝ Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ հորդորելով զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց։
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է․
«Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետականարգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող,Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է,որը չի գտնվումՀՀ տարածքում։
«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։
Այնտեղ մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով, հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։
Կից ներկայացվում է նաև «Սոսու պուրակ» պետականարգելավայրի առաջին սահմանասյան լուսանկարը, որը մինչ պատերազմը, ըստ սահմանային կոորդինատների՝ տեղադրվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին և որը սահմանային փոփոխության չի ենթարկվել:
Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց ևհանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»:
Նշենք՝ Ալիևների ընտանիքը երեկ այցելել է օկուպացված Կովսականի (Զանգելանի) ու Որոտանի (Կուբաթլուի) շրջաններ, որից հետո լուսանկար տարածվեց, որում Ադրբեջանի նախագահը, նրա կինն ու դուստրը «գրկել» են սոսենի։ Շրջանառվեց լուր, թե Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդեր վարչական շրջանի տարածքի մեջ մտնող Սոսիների պուրակը հանձնվել է Ադրբեջանին։ Արձագանքելով այս լուրին՝ armdaily.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը հաստատել է, որ Սոսիների պուրակի մեծ մասը անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ դեռևս դեկտեմբերի 18-ին։