Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում շուտով նոր պուրակ կկառուցվի։
Այդ նպատակով բարեկարգվում և կանաչապատվում է Անաստաս Միկոյանի փողոցի ու Եղվարդի խճուղու միջնամասը:
«Նախկինում այստեղ աղբով լի բլուր էր: Աշխատանքների արդյունքում քանդվել է ժայռը, հարթեցվել հողը, տարածքից հեռացվել է 50 մեքենա սալաքար և անպիտան հող:
Շուտով այստեղ նոր 2421 քմ տարածքով պուրակ կլինի՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Պուրակում անցկացվելու է ոռոգման համակարգ և տնկվելու են 31 սոսիներ՝ ի պատիվ Դավթաշեն վարչական շրջանից պատերազմ մեկնած ու անմահացած հայորդիների»,-ասված է Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքյան գրառման մեջ, որում նշվում է նաև, որ աշխատանքներն իրականացվում են իրենց և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի համատեղ ջանքերով։