Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։
Տարածած հաղորդագրությունում ընդգում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հայտնելով, որ Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik-V պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14 000 անձի համար (առաջին բաղադրիչը):
Հիշեցվում է, որ մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկապրիլի 8-ին ներկրվել է Sputnik-V պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։
Հիշեցնենք՝ ապրիլի 13-ից Երևանում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը, մարզերում էլ՝ ապրիլի 14-ից։ Պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում ռիսկի խմբում գտնվող անձանց համար՝ շաբաթվա բոլոր օրերին։
ՀՀ-ում ինչպես բոլոր, այնպես էլ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են միայն կամավորության սկզբունքով: