ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել՝ խնդրելով զերծ մնալ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց։
«ՀՀ պաշտպանության նախարարությունն ըմբռնումով է մոտենում զոհված զինծառայողների հարազատների, որոշ դեպքերում, իրենց զավակների գերեզմանները հաստատված նախագծից տարբերվող ձևաչափով կառուցելու ցանկությանը: Այդուհանդերձ, խնդրում ենք զերծ մնալ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց՝ Հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակված բոլոր զինծառայողների և կամավորագրված անձանց գերեզմանների միատեսակության ապահովման և հավասարության սկզբունքի պահպանման նպատակով»,-ասված է ՊՆ տարածած հայտարարությունում։