62 մլն դրամով մինչև աշուն կհիմնանորոգվի «Կորեայի ձոր»-ի կամուրջը - RadioVan.fm

Онлайн

62 մլն դրամով մինչև աշուն կհիմնանորոգվի «Կորեայի ձոր»-ի կամուրջը

2021-04-26 16:49 , Политика, 1518

62 մլն դրամով մինչև աշուն կհիմնանորոգվի «Կորեայի ձոր»-ի կամուրջը

Մեկնարկել են Երևանը Կոտայքի մարզին կապող ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող «Կորեայի ձոր» անվանումը ստացած կամրջի հիմնանորոգման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ դա տարեկան ծրագրերից մեկն է, որը միտված է մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելուն։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի դիտարկմամբ՝ նշյալ կամուրջից հաճախ չեն օգտվում մեր քաղաքացիները, քանի որ անմխիթար վիճակում է:

«Անցած տարի նախատեսեցինք նախագծային փաստաթղթերը և այս տարի արդեն ունենք բարեհաջող անցած մրցույթ, որով էլ սկսվել է շինարարությունը»,-նշել է նա։

Ի սկզբանե նախատեսվել է ամրացնել կամուրջն ու նոր երթևեկելի գոտի կառուցել, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կամրջային կառուցվածքի հիմքերը վթարային վիճակում են, ուստի որոշվել է հիմնովին նոր կամուրջ կառուցել:

Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրեն Մինաս Մինասյանի փոխանցմամբ՝ գոյություն ունեցողը հիմա 4մ է, դառնալու է 8մ երթևեկելի մասը, լինելու են նաև երկկողմանի մայթեր։

«Կորեայի ձոր»-ի այս կամուրջը Դավթաշենը ուղիղ կապով միացնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին և միաժամանակ հնարավորություն է տալիս գնալ դեպի Կոտայք ու Արագածոտն: Աշտարակ կամ Զովունի գնալու համար վարորդներն այս կերպ շրջանցում են Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, որոշակիորեն նաև Դավթաշեն վարչական շրջանները: Կամրջի հիմնանորոգման համար համայնքնային բյուջեից 62 մլն դրամ է հատկացվել: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը:

Лента

Рекомендуем посмотреть