Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ երկրում վիճահարույց «պորտաբուծության հարկի» գործադրումը մեկ տարով կսառեցվի:
Նշենք, որ «պորտաբուծության հարկի» վճարման վերաբերյալ համապատասխան հրամանագիրը, Բելառուսի նախագահի վավերացմամբ, գործում է 2015 թվականի ապրիլից: Համաձայն որի՝ տարվա ընթացում 6 ամիս չաշխատող, աշխատանքի գրասենյակներում չգրանցված բելառուսի քաղաքացին պարտավոր է վճարել հատուկ հարկ:
Հրամանագիրը Բելառուսում հրահրել էր բողոքի ակցիաներ, որոնց մասնակցել է մոտ 10-ը միլիոն մարդ:
Օրենսդիրներն այժմ ահա բարձրաձայնում են, որ հրամանագիրը փոփոխությունների կարիք ունի, քանի որ իրավակիրառ պրակտիկան ցույց է տվել, որ դրանում վատ է սահմանված անձանց ցուցակը, ում վերաբերում է հարկի վճարումը: Դրա հետևանքով շատերին հարկի վճարման ծանուցումները՝ այսպես կոչված «երջանկության նամակները» սխալմամբ են ուղարկվել:
Օրենսդիրները նշում են, որ այս ընթացքում այդ անձանց կողմից վճարված գումարները ետ կվերադարձվեն, իսկ հարկատուների կատեգորիան կհստակեցվի:
Մասնավորապես կկրճատվի պորտաբուծության հարկ վճարող անձանց ցուցակը:
Այսպես՝ հարկի վճարումից կազատվեն.
-մայրերը, որոնք զբաղված կլինեն իրենց մինչև 7 տարեկան երեխաների խնամքով,
— իրենց հիվանդ ծնողներին խնամող զավակները,
-այլընտրանքային զինվորական ծառայություն անցնող երիտասարդները,
— գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները՝ բոլոր բնակավայրերում:
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հարկատեսակը չեղարկել չի պատրաստվում, նրա խոսքով «պորտաբուծության հարկի» վճարումը ոչ այնքան ֆինանսատնտեսական նպատակ է հետապնդում, քանի որ էական գումաներ չեն հավաքագրվում, որքան՝ գաղափարական է և բարոյական: Նրա խոսքով նպատակը մեկն է՝ նրանք, ովքեր կարող են աշխատել՝ պետք է աշխատեն, իսկ ովքեր երբեք չեն աշխատել, և ցանկություն էլ չունեն՝ պարտավորված կլինեն վճարել այդ հարկը: