Ձերբակալված սյունեցիներից մի քանիսն ազատ են արձակվել - RadioVan.fm

Онлайн

Ձերբակալված սյունեցիներից մի քանիսն ազատ են արձակվել

2021-04-23 14:49 , Право, 1102

Ձերբակալված սյունեցիներից մի քանիսն ազատ են արձակվել

Մեղրիում ու Ագարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաների գործով ձերբակալված շատ սյունեցիներ ազատ են արձակվել․ դատարանները ոչ իրավաչափ են ճանաչել քաղաքացիների ձերբակալությունները։

Այսպես՝ ոչ իրավաչափ է ճանաչվել խուլիգանություն կազմակերպելու մեջ կասկածվող Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը․ Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով նա ներգրավվել է որպես կասկածյալ:

Դատարանը ազատ է արձակել նաև Հայկ Հայրապետյանին՝ նրա ձերբակալությունը ճանաչելով ոչ իրավաչափ։

Այդ մասին տեղեկացնում է փաստաբան Միքայել Շխմալյանը։

«Վստահորդս հանդիսանալով երրորդ Արցախյան պատերազմի մասնակից, իսկական Սյունեցի, իր հետ պատերազմ է տարել նաև իր երկու պատանի որդիներին:

Հ.Հայրապետյանը կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ (Սյունիքի գործ):

Մյուս երկու վստահորդներիս' Ա.Հայրապետյանի և Ն.Կարապետյանի

վերաբերյալ դատական նիստերը նշանակված են վաղը:

Կեցցե ՀՀ Դատարանը»,-գրել է փաստաբանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նաև սյունեցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը։

Այդ մասին տեղեկացնում է Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը։

Ազատ է արձակվել նաև Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանը։

«Նոլիկի ապօրինի ցուցումով հարուցված հայտնի քրեական գործի շրջանակներում ապօրինի ձերբակալված Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանը դատավոր Դավիթ Հարությունյանի օրինական որոշմամբ ազատ արձակվեց»,-գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զարքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը ևս դիմել է դատարան իր պաշտպանյալի ձերբակալության ոչ իրավաչափ ճանաչելու դիմումով։ Նա ընդգծել է, որ «քաղաքական պատվեր»-ի շրջանակում կարծում է, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվելու, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվելու դատարան։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սյունեցիները դիմավորել էին բողոքի ակցիաներով՝ պահանջելով, որ նա հեռանա մարզից: է Նիկոլ Փաշինյանի մուտքը նաև Ագարակի գերեզմանատուն էր արգելվել: Մեղրիում և Ագարակում նրա ելումուտն ուղեկցվել էր քաղաքացիների հայհոյանքներով, փակ ճանապարհներով և «Նիկոլ դավաճան», «թուրք», «կապիտուլյանտ» վանկարկումներով, ոստիկանների ու քաղաքացիների միջև քաշքշուկով։ Իսկ Քաջարան նա այդպես էլ չէր կարողացել մտնել։ Փաշինյանն այնուհետ Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն էր անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, անդրադառնալով Մեղրիում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարել էր․

«Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին։ ․․․Ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության»:

Խորհրդակցությանը հետևեց խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով քրեական գործի հարուցումը, որի շրջանակում երկու տասնյակից ավելի սյունեցիներ են ձերբակալվել։

Երեկ երեկոյան ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների՝ Երևանում բողոքի ակցիա է իրականացվել, որի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք։ Այնտեղ հավաքվածներ ոչ մայն պահանջել են դադարեցնել քաղաքական հետապնդումները սյունեցիների նկատմամբ, այլև տարբեր իրեր, հավկիթներ են նետել դեպի շենքի ուղղությամբ՝ փորձելով ներս մտնել։ Ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև ընդհարում է եղել։ Բերման է ենթարկվել 14 անձ, մեկ ոստիկանի ինքնազգացողությունն է վատացել։ Կատարվածի առիթով քրեական գործ է հարուցվել։

Лента

Рекомендуем посмотреть