Այսօր կեսօրին «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ի շենքից ծուխ էր բարձրանում, տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ էին իրականացվում։
Նշենք՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր՝ ժամը 12:00-ին, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի ընթացքում կաշխատի հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա:
Հարակից տարածքի բնակչությանը հորդորվել էր չանհանգստանալ:
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» (Info Check) ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը անդրադառնալով որոշ լրատվականների տարածած «ԱԻՆ-ը քաղաքացիներին տարհանում է Օպերայից: ՏԵՍԱՆՅՈՒԹ» վերտառությամբ նյութերին՝ հստակեցնում է․
«Որևէ պատահար չի գրանցվել: Ինչպես ԱԻՆ-ը երեկ տեղեկացրել էր` Օպերայի թատրոնի շենքում«Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական ուսումնավարժանք է անցկացվելու։
ԱԻ նախարարությունից հաստատեցին՝ իրականացվել է տակտիկական ուսումնավարժանք, որտեղ ներկա են եղել նաև լրագրողներ»։