Առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ երեկվա այցին:
«Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից», -Ilur.am-ի «Սադիզմի լպիրշագույն դրսևորում» վերտառությամբ՝ իր կարծիքն է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ երեկ Սյունիքի մարզ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սյունեցիները դիմավորել են բողոքի ակցիաներով՝ պահանջելով, որ նա հեռանա մարզից: Ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ է եղել: Արգելվել է Նիկոլ Փաշինյանի մուտքն նաև Ագարակի գերեզմանատուն: Մեղրիում և Ագարակում Փաշինյանի ելումուտն ուղեկցվել է քաղաքացիների հայհոյանքներով, փակ ճանապարհներով և «Նիկոլ դավաճան», «թուրք», «կապիտուլյանտ» վանկարկումներով, իսկ Քաջարան նա այդպես էլ չի կարողացել մտնել։ Փաշինյանն այնուհետ Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, անդրադառնալով Մեղրիում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարել է․
«Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և ընդհանրապես անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Աբազյան և պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության»: