Վառ երևակայություն է պետք խաղաղապահների դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար. ՀՀ ՊՆ-ն՝ Բաքվին - RadioVan.fm

Онлайн

Վառ երևակայություն է պետք խաղաղապահների դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար. ՀՀ ՊՆ-ն՝ Բաքվին

2021-04-22 20:50 , Политика, 1073

Վառ երևակայություն է պետք խաղաղապահների դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար. ՀՀ ՊՆ-ն՝ Բաքվին

Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:

Այդ մասին տարածած հայտարարությամբ շեշտում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ արձագանքելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պնդումներին, թե նախօրեին հայկական կողմը Սյունիքի ուղղությամբ մի շարք սադրանքներ է ձեռնարկել։

«Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:

Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը»,-ընդգծում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից:

Նշենք՝ այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Ընդգծվել էր, որ «նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները»:

Արցախի Արտաքին գործերի նախարարությունն էլ անդրադառնալով փաստին, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ, վստահեցրել է, որ արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Лента

Рекомендуем посмотреть