Այսօր՝ 18:30-ին, Հանրապետության հրապարակի մետրոյի հարևանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, հանրահավաք է կազմակերպվել: Ներկաները նշել են, որ հավաքվել են իրենց աջակցությունը հայտնելու ապօրինի ձերբակալված սյունեցիներին:
«Սյունեցիներն այսօր իրենց մաշկի վրա զգում են այս իշխանության գործունեության բոլոր հետևանքները և ունեն բարոյական իրավունք վարչապետի աթոռը զբաղեցրած անձին վռնդելու Սյունիքից։ Այդ գնահատման հարցում իրենք ճիշտ են։ Սա չարիք է, ուստի Սյունիքում, առավել ևս Հայաստանում, անելիք չունի։ Այդ ֆոնի վրա Ալիևը սկսում է խոսել միջանցքի մասին, Զանգեզուրը վերցնելու մասին, սրանք գոնե պատասխանեն Ալիևին, Ադրբեջանի իշխանությանը, մուռը հանում են սյունեցիներից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ երեկ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին։
«Սյունիքը միայնակ չէ, Արցախը որբ չէ»,-իր ելույթում ընդգծել է դաշնակցության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը
Հավաքի մասնակիցներն այնուհետ երթով շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։ Ընդդիմադիր գործիչները պահանջել են դադարեցնել քաղաքական հետապնդումները սյունեցիների դեմ՝ ներկայացնելով նրանց իրավունքների խախախտումները փաստող օրինակներ: Հավաքվածները փորձել են մտնել դատախազության շենք՝ գլխավոր դատախազին հանդիպելու համար, ինչն արժանացրել է իրավապահների դիմադրությանը: Քաղաքացիները տարբեր իրեր են նետել շենքի ուղղությամբ:
Հիշեցնենք՝ երեկ Սյունիքի մարզ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սյունեցիները դիմավորել են բողոքի ակցիաներով՝ պահանջելով, որ նա հեռանա մարզից: Ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ է եղել: Արգելվել է Նիկոլ Փաշինյանի մուտքն նաև Ագարակի գերեզմանատուն: Մեղրիում և Ագարակում Փաշինյանի ելումուտն ուղեկցվել է քաղաքացիների հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», «թուրք», «կապիտուլյանտ» վանկարկումներով, իսկ Քաջարան նա այդպես էլ չի կարողացել մտնել։ Փաշինյանն այնուհետ Սյունիքի մարզպետարանwun խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, անդրադառնալով Մեղրիում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարել է․
«Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և ընդհանրապես անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Աբազյան և պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության»:
Խորհրդակցության մանրամասները՝ տեսանյութում:
Ըստ այդմ՝ այսօր բերման են ենթարկել Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին (աշխարհապետ), որի ընտանիքն, ի դեպ, տեղեկացրել է, որ Արարատը մեկ շաբաթ է հիվանդ պառկած է եղել՝ բարձր ջերմությամբ, ծանր հազով։
Գիշերը բերման է ենթարկվել նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանն էլ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնել է, որ երբ տեղեկացել են մամուլում տարածված հրապարակման մասին, թե իրավապահները փնտրում են Զաքարյանին՝ նրա հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանության՝ Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժին, որտեղից Մեղրիի ղեկավարին լուսաբացին տեղափոխել են Երևան, այնուհետ՝ ձերբակալել: Փաստաբան Գայանե Պապոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «պարոն Զաքարյանը ներկայացվում է, ըստ վարույթն իրականացնող մարմինների, որպես կազմակերպիչ, սակայն չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը, մասնավորապես չի պատճառաբանվել` ինչ գործողություններ կատարելով է կազմակերպել պարոն Զաքարյանը նշված իրադարձությունները»: Փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Ժիրայր Ղարագյոզյանի գործուն մասնակցությամբ և օգնությամբ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոք կներկայացվի դատարան։