Հայաստանի պատմության մեջ մարտ ամսվա ընթացքում երբեք ավելի մեծ թվով գրանցված աշխատատեղեր չեն եղել․ Փաշինյանը՝ ռեկորդի մասին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի պատմության մեջ մարտ ամսվա ընթացքում երբեք ավելի մեծ թվով գրանցված աշխատատեղեր չեն եղել․ Փաշինյանը՝ ռեկորդի մասին

2021-04-22 15:32 , Политика, 1176

Հայաստանի պատմության մեջ մարտ ամսվա ընթացքում երբեք ավելի մեծ թվով գրանցված աշխատատեղեր չեն եղել․ Փաշինյանը՝ ռեկորդի մասին

«Մենք տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել և կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է, որ ամփոփել են 2021 թվականի մարտ ամսվա աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները, և պատկերը հետևյալն է.

«Անցյալ տարվա հետ համեմատած՝ հարկման բազա ունեցող, այսինքն՝ 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով: Առհասարակ, հաշվի առնելով նախորդ տարի արդեն մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը, համեմատական վերլուծություններ իրականացվել են նաև 2019 թվականի համեմատ՝ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով: Եվ 2019 թվականի մարտ ամսվա համեմատ՝ նույն աշխատատեղերի քանակն ավելի է 38 000-ով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ դրամ, և այդ ցուցանիշը 2020 թվականի համեմատ ավելի է 7.5 մլրդ դրամով, իսկ 2019 թվականի համեմատ՝ 24 մլրդ դրամով: Միջին հարկման բազան կազմել է շուրջ 211 500 դրամ, որը 2020 թվականի նկատմամբ ավելի է 12 000 դրամով, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ շուրջ 28 000 դրամով: Ավելի է հաշվարկվել նաև եկամտային հարկը և՛ 2020 թվականի, և՛ 2019 թվականի նկատմամբ՝ համապատասխանաբար 0.5 մլրդ դրամ և 1.3 մլրդ դրամ գումարի չափով»։

Փաշինյանը հստակեցրել է, որ այդ թվերը ձևավորվում են գործատուների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա, երբ աշխատանքի դիմաց աշխատավարձ է վճարվել, եկամտային հարկ է հաշվառվել և հաշվետվություններով ներկայացվել է՝ կամ վճարվել է, կամ կվճարվի: Վարչապետը միաժամանակ հետաքրքրվել է, թե կա՞ վերլուծություն՝ այդ աշխատատեղերը նոր բացված աշխատատեղե՞ր են, թե՞ ուղղակի ստվերից դուրս եկող աշխատատեղեր են:

«Այդ զանգվածի մեջ կա ինչպես ստվերից դուրս եկած հատված, բնականաբար, այնպես էլ, ենթադրվում է, դատելով առևտրաշրջանառության ծավալներից, ապրանքաշրջանառության և գործարքների քանակով ապրիլ ամիսը, 2019 թվականի համեմատ, ունի 20-22 տոկոսի աճ: Վերլուծության մասով նշեմ, որ ստվերի հատվածը բավական մեծ է, քանի որ մենք ունենք կոնկրետ հսկողական աշխատանքներ, որտեղ պատկերները հստակ են, այսինքն՝ թվային պատկերներ ունենք, հսկողական աշխատանքներ և դրա արդյունքում ավելի գրանցված վարձու աշխատողներ:

Վերջերս մեր վերլուծական ստորաբաժանման կողմից ուղղակի մեկ վարժության արդյունքում, ընդամենը մեկ օրվա ընթացքում, 200 աշխատատեղերի գրանցման հայտ ներկայացվեց: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ վերլուծական վարչությունն ուսումնասիրել էր այն անհատ ձեռնարկատերերին, ովքեր միաժամանակ այլ հարկ վճարողի մոտ հանդիսանում էին վարձու աշխատող: Իրավիճակը մեկնաբանելու նպատակով նրանց ծանուցումներ ուղարկվեցին, քանի որ ֆիզիկական անձ անհատ ձեռնարկատերը չէր կարող աշխատել այլ հարկ վճարողի մոտ և միաժամանակ իր գործունեությունն իրականացնել: Այդ վարժության արդյունքում, ինչպես նշեցի, մեկ օրում 200 գրանցման հայտ ստացվեց: Սա ուղիղ վերաբերում է ստվերի կրճատմանը»,-պարզաբանել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը։

Նիկոլ Փաշինյանն այնուհետ ընդգծել է․

«Հարգելի գործընկերներ, աշխատատեղերի հետ կապված ուզում եմ ասել, որ բացարձակ թիվը շուրջ 622 000 է, և ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ գրանցված աշխատատեղերի 600 000-ի շեմը մենք հաղթահարել ենք 2019 թվականի մայիսին: Դրանից առաջ Հայաստանում երբեք գրանցված 600 000 աշխատատեղ չի եղել: Եվ ուզում եմ ասել, որ 2021 թվականի մարտին, պարոն Հովհաննիսյանը 2019 թվականի ցուցանիշի նկատմամբ ասաց, բայց 2018 թվականի մարտի նկատմամբ ունենք 85 038 աշխատատեղի տարբերություն:

․․․Մարտ ամսվա համար մենք հիմա ունենք բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ Հայաստանի պատմության մեջ մարտ ամսվա ընթացքում երբեք ավելի մեծ թվով գրանցված, կրկին ուզում եմ ընդգծել, գրանցված աշխատատեղեր չեն եղել: Բայց իսկապես պետք է վերլուծվի, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատել է․

«Պարոն վարչապետ, գուցեև մարտ ամսվա վրա (2020թ.) կորոնավիրուսի ազդեցություն դեռևս այդքան չկար, բայց ես վստահ եմ՝ այսօրվա թվերը վկայում են այն մասին, որ 5-րդ, 18-րդ ու 21-րդ միջոցառումներով մենք, այնուամենայնիվ, մի ֆոն ենք ապահովել, որը հնարավորություն է տվել 2021 թվականի մարտի այս տվյալները ստանալ: Իհարկե, ավելի մանրամասն գնահատական կտրվի, բայց վստահ եմ, որ մեր միջոցառումները, որոնք միտված են եղել աշխատատեղերը պահպանելուն և այդ ընթացքն անցնելուն, արդյունավետ են եղել, հակառակ դեպքում՝ չէինք կարող մարտին այս թվերն ունենալ: Սա իմ համոզմունքն է, բայց կարծում եմ՝ նաև վերլուծության արդյունքներում կգանք այս նույն եզրահանգմանը»:

«Այդ ֆոնին ուզում եմ հիշեցնել, որ մենք 2020 թվականի մայիսին մոտ 70 000 աշխատատեղ կորցրել էինք. մայիսի հաշվարկներով՝ ապրիլին արդեն 70 000 աշխատատեղ կորցրել էինք: Բայց հիմա նաև այդ բացարձակ թիվն արդեն գերազանցված է: Համենայնդեպս թվաբանությամբ: Պարտադիր չէ՝ այդ նույն աշխատատեղերը վերականգնված լինեն, կարող են այլ տեղերում բացված լինել, բայց, համենայնդեպս, բացարձակ թվով վերականգնված են»,-քննարկումը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть