Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի խոսքում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի խոսքում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

2021-04-21 15:44 , Политика, 1151

Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի խոսքում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարել է, որ երեքշաբթի հեռուստատեսային հարցազրույցում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիք չեն:

Նշենք՝ նախօրեին Իլհամ Ալիևը ադրբեջանական պետական AzTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը կհասնի Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը՝ անկախ Հայաստանի ցանկությունից: Նա նշել է, որ եթե Հայաստանը դա ցանկանա, ապա հարցն ավելի հեշտ կլուծվի, իսկ եթե ոչ՝ իրենք այն կլուծեն ուժով:

«Ինչպես ես ասել եմ պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում, դուք կամովին պետք է հեռանաք մեր հողից, այլապես մենք ձեզ դուրս կմղենք: Եւ այդպես էլ եղավ: Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը նույնն է լինելու»,- շեշտել է Ալիևը։

Այսօր, ահա, մեկնաբանելով Ալիևի խոսքերը, Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան ասել է:

«Ադրբեջանի նախագահը, ինչպես միշտ, բավականին հստակ և կոնկրետ արտահայտեց իր տեսակետը: Մենք կցանկանայինք հրավիրել նրանց ուշադրությունը, ովքեր ցանկանում են այլ կերպ ներկայացնել մեր պետության ղեկավարի տեսակետները. ապրիլի 20-ի հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսել է Ադրբեջանի դեմ ռևանշիզմի մասին, որը կարող է Հայաստանում գլուխ բարձրացնել և հնարավոր սպառնալիք դառնալ մեր տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով, որ «հնարավոր սպառնալիքի հայտնաբերման դեպքում այն կչեզոքացվի, քանի որ դա ազգային պաշտպանություն է, ազգային անվտանգության հարց»։

«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ Աբդուլլաևան նաև շեշտել է, որ «դա չի սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես պնդում է Հայաստանի ԱԳՆ-ն, այլ, ընդհակառակը»։ Նրա խոսքով՝ դա Բաքվի վճռականության ցուցիչն է՝ արձագանքել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում ցանկացած սպառնալիքին:

Նշենք՝ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանելով Իլհամ Ալիևի վերոնշյալ հայտարարությունները՝ ընդգծել էր, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ ՀՀ ԱԳՆ-ն միաժամանակ դատապարտել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ Բաքուն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին՝ միջազգային իրավունքի, մասնավորապես՝ երկրների ինքնիշխանության, նրանց տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության հիման վրա:

«Հենց սրան են ծառայում 2020 թվականի նոյեմբերի 10-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունները»,-հավելել է Աբդուլլաևան: Բացի այդ, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ իր հարցազրույցում նախագահ Ալիևը նաև հայտարարել է Հայաստանի հետ համագործակցելու Ադրբեջանի պատրաստակամության մասին:

Лента

Рекомендуем посмотреть