ԱԻՊԾ-ն կրկին պարզաբանում է, թե ինչու է տնօրենի տեղակալ Ավագյանն աշխատանքից հեռացվել - RadioVan.fm

Онлайн

ԱԻՊԾ-ն կրկին պարզաբանում է, թե ինչու է տնօրենի տեղակալ Ավագյանն աշխատանքից հեռացվել

2021-04-20 18:15 , Политика, 1082

ԱԻՊԾ-ն կրկին պարզաբանում է, թե ինչու է տնօրենի տեղակալ Ավագյանն աշխատանքից հեռացվել

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) այսօր կրկին պարզաբանում են տարածել՝ ընդգծելով, որ Բորիս Ավագյանին ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից հեռացնելու պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն է և աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը։

«Բորիս Ավագյանը հանրային հարթակում խոսել է այնպիսի թեմաներից, որի հետ իր զբաղեցրած պաշտոնը բացարձակապես որևէ կապ չունի։ Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հետ այդ թեմայով որևէ քննարկում կամ մտքի փոխանակում չի ունեցել։ Ավելին, նույնիսկ իր ղեկավարությանը չի տեղեկացրել տվյալ միջոցառմանը իր մասնակցության մասին:

ԱԻ պետական ծառայության յուրաքանչյուր սպա ցանկացած քննարկման կամ հարցազրույցի հրավեր ընդունում կամ ասուլիս է կազմակերպումմիայն վերադաս հրամանատարության կողմից ստացած թույլտվության դեպքում։

Ի դեպ, Բորիս Ավագյանն առաջին անգամը չէ, որ ինքնուրույն հանրային հաղորդակցություն է վարում իր զբաղեցրած պաշտոնին չվերաբերող հարցերի շուրջ, ինչի վերաբերյալ ժամանակին զգուշացվել էր։

Ուստի, նա հերթական անգամ է խախտել աշխատանքային կանոնները, որի պատճառով ՆԳ նախարարի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,-ընգծում են գերատեսչությունից։

Հիշեցնենք՝ նախօրեին Արցախի ներքին գործերի (ՆԳ) նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել էին, որ Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

«ԲԱվագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

ԲԱվագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,-մասնավորապես նշել էին գերատեսչությունից։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի արդեն նախկին տեղակալ Բորիս Ավագյանը երեկ՝ ապրիլի 19-ին, գերիների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում (ԱԺ) կազմակերպված քննարկմանը, մասնավորապես, հայտնել էր, որ չի ընդունում ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն դիրքորոշումը, թե գերիների վերադարձի համար պատասխանատու է ռուսական կողմը։

«Իմքայլականների կողմից սկսվել է նոր շահարկում, թե գերիների վերադարձի համար պետք է դիմել ռուսական կողմին։ Իմ կարծիքով՝ դա անթույլատրելի է։ Եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս իր քաղաքացիներին ուղղորդել օտար երկրների դեսպանների մոտ, ապա ԱԺ-ն իր տեղը չէ։ Ավելի լավ է, որ նրանք ելույթ չունենան»,- նշել էր նա։

Ավագյանը նաև անդրադարձել էր համացանցում շրջանառվող լուրերեն, ըստ որոնց՝ ադրբեջանցիներն, իբր, ազատ ելումուտ են անում Ստեփանակերտում ու առևտուր անում քաղաքի խանութներից։ Նա հերքել էր այդ լուրերը՝ հայտարարելով, որ, եթե նման դեպք լինի, ինքն անձամբ կգերեվարի Ստեփանակերտ մտած ադրբեջանցիներին։

Ավագյանը ազատվեց պաշտոնից իր մասնակցությամբ քննարկումից րոպեններ անց։ Նա տեղեկացրել է, որ հրավիրվելէ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)։

Лента

Рекомендуем посмотреть